ուրբաթ, 23 հունիսի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքին կից քարոզչական կենտրոնի շենքի վերակառուցումը մանկատան, Երևանի Արաբկիրի հայորդյաց տան վերանորոգման և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի արտաքին ցանկապատի մետաղական գեղարվեստական ճաղավանդակի պատրաստման և տեղադրման, Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Սննդի ևդպրոցական պայուսակների անհատույց տրամադրում անապահով ընտանիքներին» ծրագրերը:
«ՀՀ Արարատի մարզի Ձորակ գյուղում փախստական ընտանիքների համար հինգ բնակելի տների կառուցում» ծրագիրը կիրականացվի «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից, իսկ «ՀՀ գիտական կազմակերպությունների միջև ստեղծված հաղորդակցության ցանցի պահպանում և սպասարկում 2006 թվականի ընթացքում» ծրագիրը՝ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից:
ՀՀ Շիրակի մարզի Փանիկ գյուղում «Մանկական բարեգործական վարսավիրանոցի ստեղծում» ծրագիրը նպատակ ունի կազմակերպելու Փանիկ համայնքի նախադպրոցական և դպրոցական երեխաների անվճար վարսահարդարում:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև «Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակական -բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրու «Հույս» մանկատան շենքի մասնակի վերանորոգում», «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Թալինի համայնքների կարիքավոր բնակչությանը» ծրագրերը, նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: