երկուշաբթի, 26 հունիսի 2006
Այսօր ՀՀ կառավարությունում Տարածքային կառավարման նախարար, Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Ֆաթմա Զահրային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշելով Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչի համար, ըստ նրանց, երկու երկրներում էլ զգալի ներուժ կա:
Գոհունակություն հայտնելով անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 4-րդ նիստի արդյունքներից, զրուցակիցները նաև վստահություն են հայտնել, որ հանձնաժողովում ընդունված որոշումները հետևողականորեն կիրականացվեն: Հովիկ Աբրահամյանը և Ֆաթմա Զահրան մեկ անգամ ևս հավաստել են, որ երկու երկրների միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության (մասնավորապես, դեղագործության), զբոսաշրջության, գիտամշակութային և երիտասարդության հարցերի բնագավառները: Նշվել է, որ երկու երկրների Առևտրաարդյունաբերական պալատներում արդեն իսկ ստեղծվել են գործարարներից բաղկացած բաժիններ, որոնք պետք է համակարգեն և իրականացնեն փոխշահավետ նախագծերը: Փոխնախարար Ֆաթմա Զահրան տեղեկացրել է, որ երգիպտական կողմը կմասնակցի այս տարվա սեպտեմբերին Երևանում կազմակերպվելիք ագրոֆորումին, իսկ նախարար Հովիկ Աբրահամյանի հավաստիացմամբ, Հայաստանը շահագրգռված է ՀՀ վարչապետի Եգիպտոս այցելության ընթացքում եգիպտական դեղագործական «Վաքսերո» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեր երկրում ինսուլինի համատեղ արտադրություն հիմնելու աշխատանքների արագացմամբ: