երեքշաբթի, 27 հունիսի 2006
Այսօր տեղի է ունեցել «Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:
Քննարկվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական բաժանմունքում բացված հաշվեհամարին կուտակված միջոցների տնօրինման, աղետի հետևանքով զոհված ուղևորների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման հետ կապված և ընթացիկ այլ հարցեր:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը զեկուցել է, որ կենտրոնական գանձապետական բաժանմունքում բացված հաշվեհամարին կուտակվել է 88 մլն 461 հազար դրամ: Հանձնաժողովը որոշել է այդ գումարից 85 մլն դրամը տրամադրել ինքնաթիռի աղետից զոհված ուղևորների հարազատներին՝ յուրաքանչյուր զոհվածի համար լրացուցիչ (ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից արդեն իսկ տրամադրված 1,5 մլն դրամից բացի) 1 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Որոշվել է նաև 2 մլն դրամ տրամադրել ավիավթարից զոհված Վրաստանի երկու հայազգի քաղաքացիների հարազատներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն, նկատի ունենալով, որ Վրաստանի կառավարությունն այդ նպատակով նրանց աջակցություն չի տրամադրել: 1 մլն 400 հազար դրամ կհատկացվի Երևանում՝ ինքնաթիռի աղետից զոհված ուղևորների հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծման աշխատանքներին: Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ հուշարձանը նախատեսվում է կառուցել մայրաքաղաքի տեսանելի վայրերից մեկում՝ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Ըստ նրա, ստեղծվել է նաև համապատասխան հանձնաժողով՝ հուշարձանի նախագծման մրցույթի կազմակերպման համար: