չորեքշաբթի, 18 հուլիսի 2001
Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը հաստատեց 2001 թվականի ընթացքում իրականացվող 3 երկարաժամկետ բարեգործական ծրագիր:
Ներկայացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Ալավերդի քաղաքում եկեղեցու շինարարության ծրագիրը:
Եկեղեցու կառուցումը նվիրվում է քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակին և ծառայելու է Ալավերդի քաղաքի հավատացյալ հայորդիների հոգևոր կյանքի զորացման սրբազան առաքելությանը:
Եկեղեցու կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորվելու է Լիխտենշտեյնի «Վալեքս» կազմակերպության կողմից:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Հայ առաքելական եկեղեցու թեմերին կտրամադրի համակարգիչներ: Դրանք կօգտագործվեն երեխաներին համակարգչային ուսուցման անվճար դասընթացներ կազմակերպելու նպատակին: Այս ծրագիրը նույնպես նվիրվում է քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակին:
Քննարկվեց ֆրանսիական «Արմենի վիլաժ» բարեգործական վարչության կողմից 2001 թվականին իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է կրթական, շինարարական և սոցիալական ոլորտներում բազմաբնույթ օժանդակություն ցուցաբերել Երևանի ֆրանսիական թեքումով N 119 և N 48 դպրոցներին: Ծրագրի շրջանակներում կվերանորոգվի 119-րդ դպրոցի առաջին հարկը, իսկ 48-րդ դպրոցի համար կկառուցվի կաթսայատուն:
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայակական մասնաճյուղի ֆինանսավորմամբ իրականացվող Հրազդանի, Կապանի, Մեծամորի N 1 և Աշտարակի Ն.Սիսակյանի անվան N 5 միջնակարգ դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման և ինտերնետային կապի տրամադրման ծրագրերը:
Բարեգործական ծրագրերի հաստատման հետ մեկտեղ հանձնաժողովը սահմանեց նաև դրանց շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների շրջանակը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր: