Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 հուլիսի 2006



Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպչական համատեղ կոմիտեի չորրորդ նիստը:



Ողջունելով ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում է նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով խորհրդական տիկին Վալերի Տերանովան, Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մեր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն 2006-2007թթ. հայտարարվեց Հայաստանի տարի Ֆրանսիայում, ինչը, ըստ նրա, նշանավորում է երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների բարձրագույն մակարդակը: Արձանագրելով, որ սա, ըստ էության, համատեղ կոմիտեի վերջին նիստն է, վարչապետը գոհունակությամբ նշել է մինչ այժմ կատարված հսկայական աշխատանքը, որի ընթացքում քննարկվել են հարյուրավոր միոցառումների նախագծեր, ստեղծվել է համատեղ ֆոնդ, ստորագրվել է համապատասխան կոնվենցիա:



Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ բոլոր պետական ու մշակութային կազմակերպություններին ու անհատներին, ովքեր Փարիզում Հայաստանի դեսպանի, դեսպանության և հանձնակատարի հետ միասին նպաստել են Հայաստանի տարվա նախապատրաստման ընթացքին: Ըստ վարչապետի, ճիշտ ընտրություն է կատարվել՝ տարին սկսել և եզրափակել Հայաստանում ֆրանսիական ներկայությամբ: Նա ընդգծել է, որ հայկական կողմն ամենայն աջակցություն կցուցաբերի, որպեսզի այդ միջոցառումներն անցնեն ամենաբարձր մակարդակով: Հավաստելով, որ հայ ժողովուրդը քաջ ծանոթ է ֆրանսիական մշակութային արժեքներին, վարչապետը հույս է հայտնել, որ Ֆրասիայում Հայաստանի տարին առիթ կհանդիսանա, որպեսզի Ֆրանսիայի ժողովուրդը նույնքան մոտիկից կարողանա ծանոթանալ հայ մշակութային ժառանգությանը, որը, ըստ նրա, ունենալով դարավոր ավանդույթներ՝ եվրոպական քաղաքակրթության և արժեքային համակարգի անբաժանելի մասն է կազմում: Նա կարևորել է Հայաստանի տարվա անցկացումը հատկապես ֆրանսիայում՝ համաշխարհային արվեստի ու մշակույթի մայրաքաղաքներից մեկում, ինչը մեր երկրի համար բացառիկ հնարավորություն է հայ մշակութային արժեքները ոչ միայն ֆրանսիային, այլև նրա միջոցով՝ Եվրոպային ու աշխարհին ներկայացնելու համար: Ըստ վարչապետի, կրելով հայ-ֆրանսիական բարեկամության մեծ ու դրական լիցքեր, Ֆրանսիայում Հայաստանի տարին իր մեջ նաև կարևոր ուղերձ է պարունակում այն բազմահազար ֆրանսահայերի համար, ովքեր, նրա խոսքերով, յուրահատուկ կամուրջ են հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև:



Անդրանիկ Մարգարյանը հաստատել է, որ որպես Հայաստանի կառավարության ղեկավար և ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, կայցելի Փարիզ՝ մասնակցելու հոկտեմբերի 17-18-ին Ֆրանսիայի Սենատի և ՀՀ Ազգային ժողովի նախագահների հովանավորությամբ կազմակերպվելիք հայ-ֆրանսիական քույր քաղաքների կոնֆերանսին: «Կարծում եմ, որ այդ շրջանակներում կազմակերպված մի կարևոր միջոցառմամբ կարելի կլինի նշանավորել Հայաստանի տարվա մեկնարկը Ֆրանսիայում», -նշել է նա: Վարչապետը հավաստիացրել է, որ մեր երկիրը պատրաստ է անելու հնարավորը, որպեսզի Հայաստանի տարին ֆրանսիայում լինի վառ և տպավորիչ իրադարձություն՝ խորհրդանշելով ևս մի կարևոր փուլ հայ- ֆրանսիական բարեկամական հարաբերություններում, որոնք, ըստ նրա, մասնավորապես վերջին շրջանում, անշեղորեն զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:



Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել կազմակերպչական կոմիտեի վերջին նիստի աշխատանքին, վստահություն հայտնելով, որ այն նախորդների նման կլինի արգասաբեր և արդյունավետ:



Ֆրանսիայի նախագահի հատուկ հանձնարարություններով խորհրդական տիկին Վալերի Տերանովան իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծել է, որ նախագահ Ժակ Շիրակը մեծ կարևորություն է տալիս Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառմանը: Ամեն տարի Ֆրանսիայում անց են կացվում բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ, սակայն Հայաստանի տարին բացառիկ է այդ շարքում, քանի որ մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորվել են ոչ միայն բարեկամական, այլև ջերմ ու սրտագին հարաբերություններ, նշել է նա: Վալերի Տերանովան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին այն ջերմ ընդունելության և ուշադրության համար, որ ամեն անգամ ցուցաբերվում է ֆրանսիական պատվիրակության նկատմամբ:



Ֆրանսիական պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր վարչության փոխտնօրեն Ժերոմ Պասքիեն ևս գոհունակություն է հայտնել համատեղ կոմիտեի երեկ կայացած աշխատանքային խմբերի հանդիպման ժամանակ արձանագրված արդյունքներից: Նշելով, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների ծրագիրը շատ հարուստ է ու բազմազան, նա կարևոր է համարել, որ դրանք անց են կացվելու ամբողջ երկրով մեկ, ինչը հայոց պատմությունն ու մշակույթը առավել հասանելի կդարձնի Ֆրանսիայի ողջ ազգաբնակչության համար: Ըստ նրա, մեծ աշխատանք է կատարվում նաև զանգվածային լրատվամիջոցներով Հայաստանի տարվա միջոցառումները լուսաբանելու ուղղությամբ:



Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, երկու կողմերի հանձնակատարներ՝ տիկին Նելլի Տարդիվիեն և ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որոնք ներառում են ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվելիք հարյուրից ավելի միջոցառումներ:



Ֆրանսիական պատվիրակության անդամները վստահություն են հայտնել, որ Հայաստանի տարին կնպաստի, որ ամեն մի ֆրանսիացու մեջ ցանկություն առաջանա այցելել Հայաստան, ծանոթանալ նրա ոչ միայն պատմական ու մշակութային հարուստ անցյալին, այլև այսօրվա անկախ Հայաստանի ներկային ու զարգացման հեռանկարներին, ինչն իր հերթին, ըստ նրանց, կխթանի զբոսաշրջությունը, կնպաստի երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա սերտացմանը:



Նիստի ավարտին, Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական պատվիրակությանը, նիստի բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ աշխատանքի համար, վստահություն հայտնելով, որ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով հնարավոր կլինի իրականություն դարձնել: «Կարևորն այն է, որ դրա համար կա երկուստեք կամք ու վճռականություն, նախանշված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու ցանկություն»,- նշել է ՀՀ վարչապետը:



Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ