չորեքշաբթի, 18 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կովկասյան տարածաշրջանի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի ղեկավար Հիլդեգարդ Գաշեկին և բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ալեքսանդր Վայթին:
Վարչապետը նախ նրանց շնորհավորեց Եվրոբանկի 10-ամյա տարելիցի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ բանկի ծրագրերին ու ձեռնարկումներին, ապա վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը այսուհետ ևս Եվրոբանկի հետ շարունակելու համագործակցությունն ու ավելի հետևողական լինելու ծրագրերի արդյունավետ իրագործման հարցում:
Ա.Մարգարյանը շնորհակալություն հայտնեց Եվրոբանկի ներկայացուցիչներին՝ Փարիզում դոնորների հետ հանդիպմանը Հայաստանին սատարելու համար և խոսեց վարկավորման քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն կատարելու՝ մասնավորապես, կարճաժամկետ վարկերից միջնաժամկետ և երկարաժամկետ վարկավորման անցնելու անհրաժեշտության մասին:
Տիկին Հիլդեգարդ Գաշեկը բավականին տպավորիչ համարելով փարիզյան հանդիպումը, նշեց, որ Հայաստանը կարողացավ բարձր մակարդակով, մանրամասն — հիմնավոր վերլուծություններով ներկայացնել Հայաստանի տնտեսական վիճակն ու առաջիկա ծրագրերը: Նա վստահեցրեց, որ Եվրոբանկը մշտապես Հայաստանի կողքին կլինի և պատրաստ է փոխգործակցության հեռանկարային ցանկացած ծրագրի շուրջ: Տիկին Հիլդեգարդ Գաշեկը ՀՀ վարչապետին ներկայացրեց ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի նոր տնօրեն Ալեքսանդր Վայթին, որը պաշտոնավարման անցած 6 շաբաթների ընթացքում արդեն հասցրել է որոշակի աշխատանք կատարել՝ այցելել է շուրջ 30 ձեռնարկություն, հիմնականում մասնավոր, ուսումնասիրել նրանց ծրագրերը, Լոնդոնից հրավիրել է ներդրումների գծով Եվրոբանկի պատասխանատուին, նախաձեռնել հանդիպումներ գործարանների տնօրենների հետ և, ըստ պրն Վայթի, արդեն իսկ ֆինանսավորման համար առանձնացվել են մի քանի խոստումնալից ծրագրեր: Նորանշանակ տնօրենը ևս կարևորեց ՀՀ-ում բանկի նախկին ծրագրերի ուղղությամբ, որոնք իրագործման ընթացքում որոշակի խնդիրներ են ունեցել, հետևողական աշխատանք տանելը և ի վերջո, դրանք հաջողությամբ ավարտին հասցնելը: