ուրբաթ, 7 հուլիսի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր- Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 16 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ննջարանային մասնաշենքի վերանորոգման, ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի նորակառույց թաղամասի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի նոր կառուցվող դպրոցի ուսումնական մասնաշենքի, կաթսայատան բարեկարգման նախագծա-նախահաշվային աշխատանքների ծրագրերը:
«Կամար» բարեսիրական-հասարակական կազմակերպության կողմից կիրականացվեն ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի համայնքի թիվ 15 մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի կապիտալ վերանորոգման — ջեռուցման նեքին ցանցի անցկացման» և ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի սպորտդահլիճի վերանորոգում, ավտոնոմ ջեռուցման համակարգի անցկացում և ուսումնական մասնաշենքի մասնակի վերանորոգում» ծրագրերը:
«ՀՀ ԳԱԱ մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվող «Միջուկա-մագնիսական ռեզոնանսի մեթոդով կենսաբանական մոլեկուլների եռաչափ կառուցվածքի որոշման համար թույլ ուղղորդող միջավայրերի ստեղծում» ծրագիրը կիրականացվի Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: