երկուշաբթի, 23 հուլիսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուլիսի 23-ի որոշումով Վանյա Մխիթարյանն ազատվել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետին ներկայացված՝ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի զեկուցագիրը, որում նախարարը նշել է, որ Վանյա Մխիթարյանը կտրականապես անընդունելի է համարում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) քաղաքականությունը և իր գործնական աշխատանքի ընթացքում մշտապես անհանդուրժողական դիրքորոշում է ձևավորում դրա նկատմամբ:
Հաշվի առնելով, որ պետական գույքի կառավարման նախարարությունը հանդիսանում է նշված քաղաքականության իրականացման բնագավառում ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմին, իսկ Վ.Մխիթարյանն էլ պատասխանատու պաշտոն է զբաղեցնում նախարարությունում, ըստ նախարարի, աննպատակահարմար է նման իրավիճակում Վանյա Մխիթարյանի հետագա պաշտոնավարումը: Ելնելով վերոգրյալից, Դ.Վարդանյանն առաջարկել է Վ.Մխիթարյանին ազատել պետական գույքի կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից:
ՀՀ պետական գույքի կառավարման նախարարն իր ազատված տեղակալի փոխարեն այդ պաշտոնում առաջարկել է Արա Հակոբյանի թեկնածությունը, որն, ըստ նրա, ՀՀ կառավարման համակարգում և միջազգային կառույցներում ունի աշխատանքի հարուստ փորձ: Մասնավորապես, նա աշխատել է ՀՀ էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարարությունների համակարգում, ինչպես նաև Ժնևում տեղակայված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: Ըստ նախարարի, իր աշխատանքային կենասագրության ընթացքում պրն Ա.Հակոբյանը ցուցաբերել է բարձր մասնագիտական պատրաստվածություն, կառուցողական նախաձեռնություն, ինչպես նաև արդյունավետ կառավարման և աշխատանքային համագործակցության ունակություններ:
Այդ ամենը նկատի առնելով, ՀՀ վարչապետը Արա Հակոբյանին նշանակել է պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: