չորեքշաբթի, 26 հուլիսի 2006
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ռազմական գործողություններից տուժած Լիբանանի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու հնարավորություններին: Խորհրդակցությունը վարել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Մասնակցել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, արտաքին գործերի, առողջապահության, տրանսպորտի և կապի նախարարների տեղակալները, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայության տնօրենը և միգրացիոն գործակալության պետը, պետական ռեզերվների գործակալության պետը, կառավարության աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:
ՄԱԿ-ին և աշխարհի պետություններին ուղղված Լիբանանի Հանրապետության աջակցության խնդրանքին ընդառաջ՝ խորհրդակցության մասնակիցները քննարկել են Լիբանանի տրամադրած անհրաժեշտ օգնության ցուցակի համաձայն, հնարավոր առաջնահերթ աջակցության ցուցաբերման, ինչպես նաև այդ օգնության տեղափոխման ու կազմակերպչական այլ հարցեր: Նշվել է, որ Լիբանանը խնդրել է աջակցել սննդամթերքի, դեղորայքի, բնակեցման համար նախատեսված սարքավորումների և պիտույքների, հրշեջ սարքավորումների և ֆինանսական նվիրատվությունների տրամարման մասով:
Քննարկման ընթացքում, առկա հնարավություններից ելնելով, որոշվել է հումանիտար աղետի ենթարկված լիբանանցիներին հատկացնել դեղորայք, սարքավորումներ և վրաններ: ՀՀ վարչապետի հետ հարցը համաձայնեցնելուց հետո, հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ըստ քննարկման արդյունքների, նախապատրաստել ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ վաղվա նիստում այն կառավարության անդամների հաստատմանը ներկայացնելու նպատակով: Նշվել է, որ որոշումն ընդունելուց հետո, հնարավոր կլինի վաղը ուշ երեկոյան արտահերթ չվերթով Հալեպ մեկնող ինքնաթիռով տեղափոխել օգնությունը:
ՀՀ արտգործնախարարի տեղակալը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետը խոհրդակցության մասնակիցներին ներկայացրել են նաև Լիբանանից մեր հայրենակիցների, նաև օտարերկրյա քաղաքացիների Հայաստան տեղափոխման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ մինչ այժմ Լիբանանից ավելի քան 550 մեր հայրենակիցներ և ևս 54-ը՝ Իսրայելից, ժամանել են Հայաստան: Սպասվում է, որ վաղը արտահերթ չվերթով կժամանի ևս 120 հոգի: Նրանք հիմնականում ՀՀ քաղաքացիներ են, սակայն Հայաստան են տեղափոխվում նաև օտարերկրացիներ, որոնցից 51-ն արդեն դիմել են միգրացիոն գործակալությանը՝ ժամանակավոր պաշտպանված անձի կարգավիճակ ստանալու խնդրանքով: Դիմողներից 49-ը լիբանանցի է, 2-ը՝ Իսրայելից: Գործակալության պետի հավաստմամբ, նրանց կտրվեն այդ կարգավիճակները և այն հաստատող՝ ժամանակավոր ապաստանի վկայական:
Նկատի առնելով, որ մերձավորարևելյան տարածաշրջանից ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվողների թիվը գնալով ավելանում է և նրանցից ոչ բոլորը Հայաստանում ունեն հարազատներ կամ կեցության համար անհրաժեշտ հնարավորություններ, հանձնարարվել է քննարկել նաև նրանց աջակցություն ցուցաբերելու հնարվորությունները, անհրաժեշտության դեպքում՝ նախապատրաստելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ: