երեքշաբթի, 24 հուլիսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր բնապահպանության նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Վարդան Այվազյանին: Նա հույս է հայտնել, որ նախարարն իր կազմակերպչական և գործնական հատկանիշները կկարողանա օգտագործել համակարգի առջև դրված խնդիրների լուծման համար: Ընդգծելով, որ նախարարության աշխատանքի բարելավման՝ հատկապես էկոլոգիական խնդիրներին վերաբերող ծրագրերի շուրջ միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այլ հարցերի ուղղությամբ բավականին աշխատանք կա կատարելու, վարչապետը նշել է, որ նախկին նախարարը դրանցից մի քանիսին ավելի մեծ ուշադրություն դարձնելով և որոշակի դրական տեղաշարժ արձանագրելով, այնունամենայնիվ, ոլորտի համար ոչ պակաս կարևոր մի շարք հարցերի անհրաժեշտ չափով ուշադրություն չի դարձրել, ինչի արդյունքում նախարարության ընդհանուր աշխատանքը հեռու է բավարար լինելուց:
Ըստ Ա.Մարգարյանի, բնապահպանության նախարարությունը կառուցվածքային և կանոնադրական փոփոխությունների կարիք ունի, որը կհստակեցվի ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի և նախարարության մասնագետների քննարկումների, վերլուծությունների ու եզրակացությունների արդյունքում: Այդ աշխատանքն արդեն սկսված է: Վարչապետը հիշեցրել է, որ բնապահպանության բնագավառը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում և անհրաժեշտ է հնարավորինս բաց, հրապարակային գործելաոճ որդեգրել՝ զերծ մնալով զանազան ասեկոսեներից ու ենթադրություններից:
Աշխատանքում արդյունքի հասնելու համար Ա.Մարգարյանը կարևոր նախապայման է համարել նաև աշխատակազմի փոխգործակցված աշխատանքը, ընդհանուր խնդիրների լուծման համար ուժերի համախմբումը և միասնականությունը, որի բացակայությունը որոշակիորեն անառողջ մթնոլորտ էր ստեղծել նախարարությունում:
Վարչապետը նոր նշանակված նախարարին և բնապահպանության նախարարության աշխատակազմին մաղթել է հաջողություններ հետագա աշխատանքում: