հինգշաբթի, 3 օգոստոսի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Գործադիրը հաստատել է պետական գույքի կառավարման հայեցակարգը, որը սահմանում է պետգույքի կառավարման ոլորտում ՀՀ պետական քաղաքականության հիմնական նպատակները, խնդիրները, սկզբունքներն ու գերակայությունները:
Կառավարությունը որոշել է Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու նպատակով, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 14 մլն. 942.5 հազար դրամ` ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Գործադիրը հաստատել է նաև ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և ՀՀ բույսերի Կարմիր գրքում ընդգրկված տեսակների ուսումնասիրությանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Որոշման նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2006թ. N 98-Ն որոշումը, որով բնապահպանության նախարարին հանձնարարվել է ներկայացնել վերոնշյալ ծրագիրը: Նշվել է, որ Հայաստանի Կարմիր գիրքը ռուսերեն լեզվով հրատարակվել է 80-ական թվականների վերջին, և մինչ այսօր անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի իրականացվել դրա լրամշակված տարբերակի վերահրատարակումը: Որոշման նախագծի միջոցառումների ծրագրով նախատեսվում է Հայաստանի Կարմիր գրքի լրամշակումը և հրատարակումը 2007-2009թթ. ընթացքում:
Կառավարությունը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը: Հանձնարարվել է շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ լրացուցիչ քննարկել նախագծի վերաբերյալ հնչած առաջարկություններն ու դիտողությունները, անհրաժեշտության դեպքում` ՀՀ վարչապետի մոտ հրավիրել խորհրդակցություն:
Մեկ այլ որոշմամբ, գործադիրը սահմանել է զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին և ՀՀ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատասխանությունը հարկադիր կատարման ծառայության պաշտոններին:
Կառավարությունը սահմանել է փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունման ու հանձնման կագը: Այն նպատակ ունի կարգավորել փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունման ու հանձնաման հետ կապված փոխհարաբերությունները, ինչպես նաև սահմանելու փոստային կապի օպերատորների միջև փոխանակման պայմանագրի կնքման կարգը:
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի՝ «Ազգային տարի» ՊՈԱԿ ստեղծելու մասին» թիվ 2157-Ն որոշման մեջ, որով հիշյալ ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ որոշակի փոփոխություններ և լրացումներ են կատարվել, նկատի առնելով, որ կանոնադրությունը պետք է ներառի նաև պետական կազմակերպության կողմից իրականացվող ձենարկատիրական գործունեության տեսակները:
Գործադիրը հաստատել է կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ցանկը: Այն բխում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջներից և նշված գործառույթներն իրականացնելու, հանրապետությունում կայուն հակահամաճարակային իրավիճակ ապահովելու և անասնաբուժության բնագավառում հատուկ քաղաքականություն մշակելու նպատակ ունի:
Կառավարությունը, առանձին որոշմամբ, սահմանել է առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմք չպահանջող նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկը:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված ուսումնական մասնաշենքի աջկողմյան թևի երկրորդ և երրորդ հարկերից՝ յուրաքանչյուրից 215.0 քմ տարածք հետ է վերցվել և 4 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատորնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ այն Վանաձորի մասնաճյուղին տրամադրելու համար: Նշվել է, որ ներկայումս մասնաճյուղում սովորում է 40 ուսանող և այս ուսումնական տարում ուսանողների քանակի աճի միտում կա:
Նիստում հավանության է արժանացել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ևս սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:
Գործադիրը հավանություն է տվել 2006թ. երկրորդ եռամսյակում մասնավորեցման գործընթացի վերաբերյալ հաշվետվությանը ևս:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերում փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նիստում հավանություն է տրվել Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված` ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 13-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման համակարգերի վերականգնման առաջնեկային ծրագրերի մասին» N 509-Ա որոշմամբ նախատեսված առաջնեկային ծրագրերի իրագործմանը, Երևանի Ավան թաղային համայնքում էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմային համամատակարարման համակարգերի վերականգնման տեխնիկատնտեսական ցուցանիշների ազդեցությունն էլեկտրական համակարգի աշխատանքային ռեժիմների վրա փորձարկմանը և սպառողների համար մատչելի սակագնով ջերմամատակարարման վերականգնմանն ուղղված առաջարկությանը:
Որոշել է նաև հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմին ամրացված 1988թ. արտադրության «Դայմլեր-Բենց 124» ավտոմեքենան օտարել դասական աճուրդով: Նկատի առնելով, որ ավտոմեքենայի մաշվածությունը կազմում է 88 տոկոս, որի հետևանքով առաջանում են չնախատեսված ծախսեր և այն` այդ իսկ պատճառով ենթակա է օտարման:
Մեկ այլ որոշմամբ, հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2006թ. հուլիսի 9-ին կայացած Արագածոտնի մարզի Դպրևանքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 125 հազար 820 դրամ՝ ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նախարարին մեկ այլ հանձնարարականի համաձայն՝ կառավարության պահուստային ֆոնդից 2006թ. օգոստոսի 6-ին կայանալիք Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղական համայնքի ղեկավարի, 2006թ. օգոստոսի 13-ին կայանալիք Արամավիրի մարզի Նալբանդյան գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողվի միասնական հիմնադրամին կհատկացվի 390 հազար 905 դրամ: