ուրբաթ, 27 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի առաջին նիստը, որտեղ ներկայացվեց խորհրդի կանոնադրությունը, քննարկվեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Խորհրդի կազմում առաջին 6 ամիսներին աշխատելու համար ընդգրկված 9 գործարարներից բացի այսօրվա նիստին ներկա էին նաև նախագահի հրամանագրով հաստատված ընդհանուր ցուցակի մյուս բոլոր անդամները:
Խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հակիրճ ներկայացրեց խորհրդի ստեղծման նպատակը, խնդիրները, որոնք մանրամասնված են կանոնադրության մեջ, և ընդգծեց, որ աշխատանքը կարևորվում է նաև այն առումով, որ կառավարությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը հայտարարել է ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, հաստատել այդ արդյունաբերության զարգացման հայեցակարգը, և այժմ խնդիր կա գործնական քայլերով այդ ամենը կյանքի կոչել: Այս գործում, ըստ վարչապետի, մեծ է լինելու ոլորտի մասնագետների, գործարարների դերը, ակտիվ մասնակցությունը: Նրանք հիմնականում ընդգրկված են ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում, այնպես էլ ավելի վաղ ստեղծված գործարարության աջակցման խորհրդում: Ա.Մարգարյանը խնդիրը կարևորեց նաև Երևանը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դարձնելու Եվրամիության ծրագրի իրագործման առումով:
Այս ծրագիրը, ըստ վարչապետի, ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում հաջողությամբ է պսակվել, որը ՀՀ-ի համար անչափ կարևոր է ճյուղի զարգացման և տարածաշրջանում առաջատար տեղ գրավելու առումով: Սա նաև տարածաշրջանային ծրագրերում որոշակի հավասարակշռություն է ստեղծում, նկատի առնելով, որ «ՏՐԱՍԵԿԱ»-ի կենտրոնը տեղակայված է Բաքվում, շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ծրագրի կենտրոնը՝ Թբիլիսիում:
Խորհրդի նիստին ներկա ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 10-11-ին նախատեսվում է Երևանում անցկացվել խոշոր համաժողով, որին կմասնակցեն ավելի քան 150 երկրներ, այդ թվում տարածշրջանի երկրները՝ Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, ՌԴ, Եվրամիության անդամ երկրները և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառի առաջատար երկրները:
Վարչապետի առաջարկով, ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի անդամներից կկազմավորվի առանձին աշխատանքային խումբ, որը արտգործնախարարության հետ կաշխատի համաժողովի նախապատրաստման ուղղությամբ: Մեկ այլ խումբ էլ կաշխատի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հետ՝ այն ուղղություններով, որոնց շուրջ հանձնաժողովի երևանյան նիստում ՏՏ ոլորտի վերաբերյալ համագործակցության հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Խորհրդի այսօրվա նիստում 4 օր ժամկետ տրվեց խորհրդի կանոնադրության նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար, որպեսզի առաջիկա հինգշաբթի օրը այն վերջնական տեսքով, իբրև կառավարության որոշման նախագիծ, քննարկվի կառավարության նիստում:
Մինչև եկող շաբաթվա վերջը ժամկետ տրվեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար, որպեսզի մինչև ԱԺ ուղարկելը, այդ օրինագծերում հաշվի առնված լինեն նաև մասնագետ-գործարարների կարծիքները:
Կազմակերպչական հարցերի շարքում քննարկվեցին խորհրդի անդամների աշխատանքը քարտուղարության և խորհրդի նիստերին առաջիկա 6 ամիսներին չմասնակցող, բայց ընդհանուր ցուցակում ընդգրկված մյուս գործարարների հետ, օրակարգի ձևավորման մեխանիզմը և այլն: Առաջարկվեց, ինչպես գործարարության աջակցման խորհրդի դեպքում է գործում, ստեղծել «պրոբլեմների բանկ»՝ ընդգրկելով այնտեղ ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանք դարձնել նիստերի օրակարգի առանցքը:
Որոշվեց խորհրդի հաջորդ նիստը հրավիրել օգոստոսի 10-ին:
Առաջին նիստից հետո խորհրդի անդամները լրգրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեցին ինչպես խորհրդի աշխատանքին, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող հարցեր: