երեքշաբթի, 15 օգոստոսի 2006
Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ մարզպետների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել է ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N1231-Ն որոշմամբ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում անշարժ գույքի հասցեավորման, համարակալման և պետական գրանցման վերաբերյալ ՀՀ մարզպետներին և համապատասխան պետական մարմիններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: ՀՀ մարզպետների ներկայացրած տեղեկատվությունից պարզվել է, որ որոշ մարզերում գործընթացն ավարտված է, սակայն կան մարզեր ու համայնքներ, որոնցում այն դեռ շարունակվում է: Նկատի ունենալով գործընթացը ժամանակին ավարտելու կարևորությունը, որոշվել է օգոստոսի 17-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում հրավիրել աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետարանների, կադաստրի կոմիտեի տեղական ստորաբաժանումների ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ գործընթացի արագ իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ տալու նպատակով:
Մինչև սեպտեմբերի 5-ը ժամկետ է տրվել ՀՀ մարզպետներին՝ մարզերի բոլոր համայնքների կադաստրային քարտեզները՝ դրանց վրա կատարված անշարժ գույքի համարակալումներով ու հասցեավորումներով, ներկայացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: Երկշաբաթյա ժամկետ է տրվել նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ ստացված տեղեկատվությունը սահմանված կարգով գրանցելու և ՀՀ ոստիկանություն հանձնելու համար: