ուրբաթ, 27 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ՝ հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի օրակարգում կարևորագույն և օպերատիվ լուծում պահանջող մի շարք հարցեր էին՝ «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի մասին, «ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տարածքային բաժինների մասին» կառավարության որոշման նախագծի, հացահատիկի բերքահավաքի և մթերումների ընթացքի, առողջապահության օպտիմիզացիայի ծրագրի կատարման ընթացքի, «Նպաստ՝ աշխատանքի դիմաց ծրագրի» կատարման ընթացքի մասին և խմելու և ոռոգման ջրի մատակարարման ու վարձավճարների հավաքագրման ընթացքի մասին հարցերը:
Օրակարգում ներառված էր նաև տարածքային կառավարման նախարարի մոտ 2001 թ. հունիսին կայացած խորհրդակցության արձանագրության հանձնարարականների կատարման վիճակի մասին հարցը: Վարչապետը նշեց, որ իրեն զեկուցվել է այդ հանձնարարականների կատարման ընթացքը, որը դեռևս պատշաճ մակարդակով չի իրականացվում:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ներկայացրեց հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման, պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, պահուստային ֆոնդի հողերի վարձակալության արդյունքները: Նշվեց, որ այդ գործընթացներում կան բավականին դժվարություններ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով: Դրանց մի մասի վերաբերյալ եղան հանձնարարականներ, մյուսների համար առաջարկվեց հետագա համատեղ քննարկունմերի արդյունքում գտնել լուծումներ:
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 2001 թ. ոռոգման նպատակով շուրջ 410 մլն խոր մետր ջրամատակարարում է իրականացվել, որը հիմնականում բավարարել է գլխավոր պատվիրատուների պահանջը: Նա նշեց, որ դեռևս մեծ դժվարություններ կան ջրօգտագործողներից վարձավճարների գանձման հարցում, հայտնաբերվել են ՋՕՄ-երի կողմից կատարված չարաշահումներ, արձանագրվել են անգամ այդ միությունների կողմից վարձավճարների հավաքագրման և հափշտակման դեպքեր, որոնք արդեն ուղարկվել են հանրապետության դատախազություն:
Գ.Մարտիրոսյանը նշեց, որ կառավարության որոշմամբ շուտով հանրապետությունում կսկսվեն ամբողջ համակարգի գույքագրման և գնահատման աշխատանքները, որի արդյունքում հնարավոր կլինի միջազգային կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում աշխատանքներ տանել ներքին ցանցերը կարգի բերելու ուղղությամբ:
Գյուղատնտեսության նախարար Զավեն Գևորգյանն իր զեկուցման մեջ նշեց, որ չնայած այս տարի սպասվող առատ բերքին, այնուհանդերձ, մի քանի մարզերում՝ Վայոց Ձոր, Սյունիք, Գեղարքունիք, արդեն երաշտ է արձանագրվել, բերքը տուժել է նաև կարկտահարությունների պատճառով, սակայն 100 հազար տոննա ավելի հացահատիկ կստացվի, նույնքան կարտոֆիլ, փոքր-ինչ պակաս պտուղ, խաղողը կլինի 2000 թ. մակարդակին: Մթերման հարցում, ըստ գյուղնախարարի, լուրջ խոչընդոտներ չկան: Դրանք կազմակերպված և արդյունավետ կատարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ներկայացնելով առողջապահության օպտիմիզացիայի ծրագրի կատարման ընթացքը, առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը նշեց, որ այն հաջողված ծրագրերից մեկն է և արդյունավետորեն իրագործվում է նախարարության և մարզպետարանների համագործակցված աշխատանքի արդյունքում: Ըստ մարզերի՝ նա տեղեկացրեց աշխատանքների ընթացքի մասին:
Սոցիալական ապահովության նախարարն իր ղեկավարած գերատեսչության ներքո իրագործվող «Նպաստ՝ աշխատանքի դիմաց» ծրագրի մասին տեղեկացրեց, որ այն սկսել է իրագործվել այս տարվա հուլիսից, կազմակերպչական աշխատանքներն ընթանում են առանց մեծ դժվարությունների և մարզպետներին հիշեցրեց, որ եկող տարվա ֆինանսավորման ծավալները կախված կլինեն այս տարվա աշխատանքի արդյունքից:
Խորհրդակցության ժամանակ մարզպետներին հիշեցվեց նաև անկախության 10-ամյակի միջոցառումների մարզային ծրագրերը 10-օյա ժամկետում կառավարություն ներկայացնելու մասին ՀՀ վարչապետի որոշումը: