ուրբաթ, 18 օգոստոսի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի առագաստային սպորտի ֆեդերացիայի Երևանի առագաստային ակումբ» հասարակական կազմակերպության համար սարքավորումների ներկրման և անհատույց հանձնման», «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգում» ծրագրերը:
«Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հանգստի կազմակերպում», «Կոշիկի տուփ» նվերների բաշխում» և «Ամառային և բակային» ճամբարներ» ծրագրերի նպատակն է օգնել անապահով ընտանիքների երեխաներին` կազմակերպելով նրանց հանգիստը, ինչպես նաև իրականացնել տարբեր երկրների երեխաների կողմից կոշիկի տուփերում հավաքված նվերների բաշխումը 2-14 տարեկան երեխաներին:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: