երեքշաբթի, 22 օգոստոսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումը ամրագրումն էր հայ ժողովրդի դարավոր իղձերի ու նպատակների, որոնք իրականություն դարձան մեկ տարի անց՝ սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքում: Պատմական մեր հայրենիքի մի մասում հիմնված Հայաստանի անկախ Հանրապետությունն արդեն 15 տարեկան է, և մենք պատրաստվում ենք մեծ շուքով տոնելու ամբողջ հայության համար կարևորագույն այդ հոբելյանը: Անցած մեկուկես տասնամյակի ընթացքում մեր պետությունն անցել է դժվարություններով ու ձեռքբերումներով լի ճանապարհ: Այդ դժվարությունները, սակայն, չեն ընկճել և չեն արժեզրկել մեր ձեռքբերումներից ամենակարևոր ու ամենամեծ ձեռքբերման՝ Անկախության գաղափարը: Մենք հետևողականորեն ընթացել ենք այն ամրապնդելու, երիտասարդ սերնդի մեջ՝ արմատավորելու, մեր պետականությունը հզորացնելու և մեր ժողովրդի բարեկեցությունը տարեցտարի բարձրացնելու, առկա խնդիրներն աստիճանաբար լուծելու, միաժամանակ՝ քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման, քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհով: Այս ամենով հանդերձ, մենք դեռ բազմաթիվ մարտահրավերներ ունենք դիմակայելու, կարևորագույն խնդիրներ ունենք լուծելու, և մեր միասնական կամքից ու համախմբվածությունից է կախված մեր հաջողությունը, որին ես չեմ կասկածում:
Շնորհավորելով նշանակալի իրադարձության առթիվ՝ վստահ եմ, որ մեր պետությունը և ժողովուրդը այսուհետ ևս աներեր կշարունակեն անկախության ուղին, հավատարիմ կմնան Անկախության հռչակագրում ամրագրված հիմնարար սկզբունքներին՝ հանուն մեր հայրենիքի և աշխարհասփյուռ հայության ապագայի: