հինգշաբթի, 24 օգոստոսի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը: Կանոնակարգի համաձայն, նրանում ամրագրված պահանջները տարածվում են ՀՀ տարածքի՝ ըստ նպատակային ու գործառնական նշանակության բոլոր կատեգորիաների հողերի վրա, տարբեր նշանակության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության, վերակառուցման, շահագործման դեպքում և պարտադիր են բոլոր հողօգտագործողների համար: Կանոնակարգը նպատակ ունի կանխարգելել տնտեսական ու այլ գործունեության արդյունքում հողի կազմի և վիճակի փոփոխությունները, որոնք կարող են հանգեցնել հողի որակի վատթարացմանը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից 6 ամսվա ընթացքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հաստատել սանիտարական կանոններն ու նորմերը՝ հողն աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, դրանց դասակարգումն ըստ վտանգավորության և հողերի սանիտարական վիճակի ցուցանիշները:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև մանածագործվածքների անվանումների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը: Կանոնակարգի համաձայն, նրա գործողությունը տարածվում է հումքային, կիսամշակված, մշակված, կիսապատրաստ կամ պատրաստ բոլոր այն ապրանքների վրա, որոնք ամբողջությամբ բաղկացած են մանածագործվածքային մանրաթելից՝ անկախ կիրառված խառնուրդներից կամ արտադրությունում դրանց մշակման գործընթացներից: Այն մշակվել է մանածագործվածքներից պատրաստված ապրանքների վերաբերյալ սպառողներին առավելագույն տեղեկատվության ապահովման նպատակով: Հաշվի են առնվել նաև Եվրոպական տնտեսական համագործակցության 2004թ. մարտի 23-ի «Մանածագործվածքների անվանումների մասին» դիրեկտիվով սահմանված պահանջները և դրանց համապատասխանության ստուգման միջազգային ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդները:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 300 մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ընթացիկ տարվա ամռան ամիսներին երաշտի և հրդեհների պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առավել տուժած գյուղացիական տնտեսություններին հասցված վնասների փոխհատուցման գործընթացին աջակցելու նպատակով:
ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է 2006թ. իր պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանին հատկացնել 50 մլն դրամ՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի «Ազգային տարի» ՊՈԱԿ-ին որպես պետական օժանդակություն տրամադրելու համար, ինչպես նաև 12 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով անհրաժեշտ հոսանքի մալուխների ձեռքբերման համար: ՀՀ պետական բյուջեում կատարված վերաբաշխման արդյունքում 6 մլն 864 հազար դրամ կտրամադրվի Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի հրդեհված տների վերականգնման նպատակով դրանց բնակիչներին պետական օժանդակություն ցուցաբերելու, 4 մլն 200 հազար դրամ՝ մասնաշենքի տանիքի վերանորոգման նպատակով Երևանի N 67 դպրոցին, 50 մլն դրամ՝ շենքի վերանորոգման նպատակով Երևանի N 89 դպրոցին պետական օժանդակություն ցուցաբերելու համար: Եվս 13 մլն 500 հազար դրամ կհատկացվի կենտրոնական գերեզմանատան տարածքով անցնող Ջրվեժ գետի հունի մաքրման աշխատանքներին աջակցելու նպատակով «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ին պետական օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև 5 մլն դրամ՝ Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի շենքի ջեռուցման ցանցի միացման աշխատանքների իրականացման համար:
Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ըստ աշակերտների թվի իրականացնելու վերաբերյալ: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ համատեղ, յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում հաստատել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները՝ ելնելով ընթացիկ ցուցանիշներից, կիրառելով համապատասխան գործակիցներ լեռնային, բարձր լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար: Նույն որոշմամբ հաստատվել է նաև պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը: Թույլատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին (Երևանի քաղաքապետին)՝ սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան կատարել վերաբաշխումներ իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 25-ի «ՀՀ-ի՝ աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշումը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2007թ. հունվարի 1-ից:
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է նշված անձանց համար տնային պայմաններում վարպետային ուսուցման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկը:
Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ, դրանով հաստատված ցանկի «Արագածոտնի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Սուսերի հիմնական դպրոց» բառերը փոխարինվել են «Սուսերի միջնակարգ դպրոց» բառերով: Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի 2003թ. փետրվարի 28-ի հանձնարարականը, Սուսերի գյուղապետի առաջարկը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003թ. դեկտեմբերի 10-ի հրամանը, որով 2004-2005 ուս.տարվանից Արագածոտնի մարզի Սուսեր համայնքի հիմնական դպրոցում թույլատրվել է կոմպլեկտավորել 9-րդ դասարան, հետևաբար նպատակահարմար չէ այդ աշակերտների հետագա (10-րդ դասարան) կրթությունը կազմակերպել այլ համայնքի դպրոցում:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Գորիսի պետական համալսարանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կրթության և գիտության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, ՀՀ Սյունիքի մարզպետին:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացնելու հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկելու» կարգը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրությունը: Նիստում գործադիրը հավանություն է տվել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Մասնավորապես, սահմանվել է, որ արհեստակցական միության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով:
Մեկ այլ որոշմամբ, 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին կառավարությունը 3 մլն 200 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ Երևանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի համար 2006թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տարածքի վարձակալության գծով ծախսերն իրականացնելու նպատակով:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հավանություն է տվել «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրինագծին ևս՝ ընկերության լուծարային և անվճարունակության գործընթացն ավարտելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Արփա» կինոթատրոնի շենքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ եկեղեցի կառուցելու պայմանով: Սահմանվել է, որ նվիրառուն պարտավոր է գնել նշված գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:
Նիստում գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 25-ի «Մելիորացիա» ՓԲԸ-ին գույք հանձնելու մասին» N 800-Ա որոշման համաձայն, այդ ընկերության կանոնադրական կապիտալ ներդրված «Կոլեկտորներ՝ իրենց կառուցվածքներով» գույքի կազմից 32 մլն 289 հազար 172 դրամ արժեքով 55 անուն կամուրջները և կառուցվածքները դուրս գրել հիշյալ ՓԲԸ-ի հաշվեկշռից, ինչպես նաև ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով, 32 մլն 289 հազար 172 դրամի չափով նվազեցնել «Մելիորացիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Մեկ այլ որոշմամբ, հիմք ընդունելով «Հարկային և մաքսային տեղեկատու» ՓԲԸ-ի 2005թ. ֆինանսական արդյունքները, թույլատրվել է բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը 9 մլն 813 հազար դրամի չափով, այն սահմանելով 2005թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքի չափով՝ 12 մլն 457 հազար դրամ:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 717 հազար դրամ է հատկացրել ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ Մյասնիկյան համայնքին հանձնված 3 խորքային հորերի էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցելու նպատակով այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու համար: Սահմանվել է, որ նշված սուբվենցիայի գումարի՝ Մյասնիկյան համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Արմավիրի մարզպետը: Նույն որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի՝ ՀՀ ոռոգման համակարգերի ընկերությունների 2006թ. սուբսիդավորման չափաքանակների հաստատման վերաբերյալ N 330-Ա որոշման մեջ:
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն, 2000թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715, 2006թ. մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշումներում՝ դրանցում ամրագրված դրույթները ճշգրտելու և առավել հստակեցնելու նպատակով:
Կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 780050 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2006թ. սեպտեմբերի 3-ին կայանալիք Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղական համայնքի ավագանու անդամների, սեպտեմբերի 10-ին կայանալիք Կոտայք գյուղական համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Չափնի գյուղական համայնքի ավագանու անդամների, սեպտեմբերի 17-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Գործադիրը հաստատել է ՀՀ Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, ինչպես նաև որոշել է պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության 5329.91 հա հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ որպես բնապահպանական հողեր: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուսի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, և որոշվել է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել՝ 10 հա արոտավայրերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ հանքարդյունահանության համար:
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Շիրակի մարզի Քեթիի, Վայոց Ձորի մարզի Աղավնաձորի, Արտավանի, Արմավիրի մարզի Լուկաշինի գյուղական համայնքների մի շարք հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ: