շաբաթ, 26 օգոստոսի 2006
Վախճանվեց Սիլվա Կապուտիկյանը` 20-րդ դարի ամենանշանավոր հայ բանաստեղծներից մեկը: Ավելի քան յոթանասուն տարի նրա բանաստեղծությունները հնչում էին Հայաստանում և ամենուրեք, որտեղ հայ մարդիկ էին ապրում:
Կապուտիկյանի ճակատագիրը սերտորեն կապված էր մեր երկրի պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկի հետ: Նրա ծնողները վանեցի գաղթականներ էին, և Վանը, նրա հիշատակները ի սկզբանե Կապուտիկյանի էության մեջ էին: Դրանով նախանշվեց նրա բանաստեղծության գլխավոր երակներից մեկը` հայրենիքի թեման, որին բանաստեղծը երբեք չդավաճանեց: Պատերազմի տարիներին գրած «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը, հիսունականների վերջերին գրած «Մտորումներ ճանապարհի կեսին» պոեմը և բազմաթիվ այլ գործեր դարձան հայկական ճակատագրի ու հոգեբանության անգերազանց խտացումներ: Վերջին մեկուկես-երկու տասնամյակների գործերը` նվիրված Հայաստանին, անկախությանը, համակված են խորը մտահոգությամբ հայրենիքի ճակատագրով:
Սիլվա Կապուտիկյանը եղավ 20-րդ դարի հայ բանաստեղծության ամենանուրբ քնարերգուներից: Ետպատերազմյան տարիներին գրված նրա քնարական բանաստեղծությունները դարձան երգ, տարածվեցին Հայաստանում, սփյուռքում, նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, որտեղ նա ամենասիրված բանաստեղծներից էր: Կանացի հոգեբանության այդքան խոր արտահայտություններ հայ բանաստեղծության մեջ մինչ այդ չէին եղել:
Կապուտիկյանի անհատականության ամենաակնառու գիծը թերևս նրա քաղաքացիական կեցվածքն էր, որը ծնունդ էր ժողովրդի և մարդու հանդեպ խոր սիրո: Սկսած հիսունական թթ.-ից, Կապուտիկյանը դառնում է հայ և խորհրդային ամենանշանավոր հրապարակախոսներից մեկը, օգտագործում իրեն հասանելի ամբիոնները հասարակական կյանքի ախտերի, չարաշահումների մասին խոսելու համար: Նրան շատ էին մտահոգում ազգային ճակատագրի, ազգային մշակույթի խնդիրները. նա հայոց լեզվի պահպանման ու զարգացման առաջամարտիկներից էր իր սերնդի, իրենից ավագ ու կրտսեր այլ բանաստեղծների ու գործիչների հետ միասին: Նրա հրապարակախոսական հոդվածներն ու գրքերը, ուղեգրությունները մնում են ոչ միայն նրա ժառանգության էական մասը, այլև անցյալ դարի երկրորդ կեսի հայ հասարակական կյանքի կարևորագույն վկայությունները: Կապուտիկյանն առաջինն էր, որ վաթսունականներին ստեղծված բարենպաստ մթնոլորտից օգտվելով, պատմեց հայկական սփյուռքի մասին, եղավ այն բոլոր երկրներում, որտեղ հայկական գաղութներ կային, և ստեղծեց հայկական սփյուռքի գրական համապատկերը, որը, ինչքան էլ իր վրա ուներ ժամանակի քաղաքական նախապաշարումների և նաև արգելքների կնիքը, անգնահատելի դեր կատարեց մեր ժողովրդի միասնության վերարծարծման, ազգային կյանքի հասունացած հարցերի քննության ասպարեզում: Նրա ելույթները, գրքերը, հոդվածները ամենուրեք ակտիվ արձագանք ու վեճեր էին հարուցում, և այդ բոլորը այն տարիների հասարակական կյանքում բարերար դեր էին կատարում:
Կապուտիկյանի վաստակը հայ մշակույթի զարգացման մեջ գնահատվեց զանազան մրցանակներով և պարգևներով. այդ վաստակի համար նա ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Իր կենսասեր, կենսահաստատ բնավորության շնորհիվ Կապուտիկյանը կյանքում շրջապատված էր բարեկամներով, նրա տունը Երևանի մտավորականության սիրելի վայրերից էր, որտեղ քննարկվում էին գրականության, արվեստի, հասարակական կյանքի կարևորագույն հարցեր: Առհասարակ վերջին մի քանի տասնամյակների Հայաստանի հոգևոր կյանքը առանց Սիլվա Կապուտիկյանի հնարավոր չէ պատկերացնել:
Նրա մահով ավարտվում է մի ամբողջ հարուստ, բարդ, հակասական շրջան հայ գրականության մեջ, ազգային հոգևոր կյանքում: Նրա ժառանգության լավագույն մասը վերջնականորեն գտնում է իր տեղը հայ գրականության գանձարանում:
Կառավարական հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության գրողների միություն
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա