հինգշաբթի, 31 օգոստոսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի դպրոցականներ և ուսանողներ,
հարգելի մանկավարժներ, ծնողներ
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա առթիվ, որով ազդարարվում է նաև կրթօջախներում նոր ուսումնական տարվա մեկնարկը` խորհրդանշելով այն նոր ճանապարհի սկիզբը, որն առաջնորդում է դեպի գրի ու գրականության, գիտելիքների անծայրածիր ու հիասքանչ աշխարհը: Ցանկանում եմ, հատկապես, ջերմորեն շնորհավորել դպրոցի ու բուհի շեմն առաջին անգամ ոտք դնող աշակերտներին և ուսանողներին, որոնց համար հիշարժան այս օրը կնշանավորվի նաև նրանով, որ կրթօջախ են ընդունվում Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի հոբելյանական տարում: Հպարտության զգացումից բացի, դա նաև կպարտավորեցնի նրանց` ուսումնառության տարիները հնարավորինս օգտագործել կայուն և օգտակար գիտելիքներ ձեռք բերելու համար, որպեսզի Անկախության հետագա հոբելյաններն արդեն իրենց անմիջական մասնակցությամբ տոնեն շատ ավելի բարեկեցիկ, տարեցտարի առավել հզոր ու զարգացած դարձած պետության մեջ:
Սերը գիտելիքի և կրթության նկատմամբ մեր ժողովուրդը մշտապես կրել է իր մեջ, և այսօր նոր սերնդին է վիճակված արդի պահանջներին համահունչ շարունակելու և զարգացնելու այդ ավանդույթները: Այսօր այդ ամենին է ուղղված պետական քաղաքականությունը, դրան է միտված նաև մեր մանկավարժների ամենօրյա նվիրված աշխատանքը:
Կրկին շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ՝ սիրելի աշակերտներ, մանկավարժներ և ծնողներ, առողջություն և հաջողություններ թե' ուսման մեջ, թե' աշխատանքում: