հինգշաբթի, 31 օգոստոսի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2007թ. ծրագրին և որոշել է այն ներառել ՀՀ 2007թ. պետական բյուջեի նախագծում: Տարեկան ծրագիրը մշակվել է «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Ծրագրի նպատակն է ապահովել Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, ջրհավաք ավազանի կենսաբազմազանության բնականոն ներդաշնակ զարգացմանն ու բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2007թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների իրականացումը:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Օտարերկրացիների մասին» օրենքի նախագծում, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի լրամշակված տարբերակին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Մասնավորապես, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, ՀՀ տարածքում գտնվելու և բնակվելու, ՀՀ տարածքով տարանցիկ երթևեկելու, ՀՀ-ից ելքի, ինչպես նաև օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերությունները:
Գործադիրը հաստատել է 2009թ. հունվարի 1-ից գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ավելացված արժեքի հարկով հարկման գործընթացի նախապատրաստման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Այն մշակվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում: Ծրագրի համաձայն 2006-2008թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել շուրջ մեկ տասնյակ միջոցառումներ, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ավելացված արժեքի հարկով հարկման գործընթացի կանոնակարգման հայեցակարգի նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն, համապատասխան օրենքների նախագծերի մշակում, հարկային մարմիններում հավանական հարկատուների (գյուղացիական տնտեսությունների) հաշվառում, վերջիններիս համապատասխան մասնագետների ուսուցում, գյուղացիական տնտեսություններին իրազեկման աշխատանքների իրականացում և այլն: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ սահմանված ժամկետներում ապահովել Ծրագիր- ժամանակացույցի միջոցառումների կատարումը:
Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կմ-ի սողանքի կտրուկ ակտիվացման պատճառով ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի տարածքում Աղստև գետի հունի փակման հետևանքների վերացման նպատակով, կառավարությունը 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից 20 մլն 299 հազար դրամ է հատկացրել ՀՀ Տավուշի մարզպետարանին, այդ թվում՝ Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի առաջին մասնաշենքի նկուղային հարկի խտալցման և սպորտդահլիճի վերակառուցման համար՝ 10 մլն 684 հազար դրամ, Հաղարծին գյուղի` սողանքային գոտու ակտիվացման և ջրհեղեղի հետևանքով բնակչության ցանքատարածություններին ու անասնագլխաքանակին հասցված վնասի վերականգնման համար՝ 8 մլն 215 հազար դրամ, սողանքային վտանգավոր գոտում գտնվող բնակիչների հողի և շինության գումարի փոխհատուցման համար՝ 1 մլն 400 հազար դրամ: ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է 13 մլն 500 հազար դրամ՝ Աղստև գետի հունի ափապաշտպան կառույցների վերականգնման, գետահունի վերջնական կարգավորման և սողանքի ազդեցության նվազեցման առաջնահերթ միջոցառումները հիմնավորող նախագծահետազննական աշխատանքների համար: Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրով ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղին հատկացված գումարը սահմանված կարգով տրամադրել Հաղարծին գյուղի ակտիվ սողանքային գոտում գտնվող 22 բնակելի տների բնակիչներին՝ որոշման մեջ նշված անձանց նախատեսված գումարների չափով:
Նիստում հաստատվել է նաև «ՀՀ պետական բյուջեի «Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին», ինչպես նաև «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակներում երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» ծրագրերի շրջանակներում փաստացի խնամվողների թվաքանակից ելնելով՝ տուն-ինտերնատների համար նախատեսված խնամվողների թվաքանակի և դրանց խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերահաշվարկման կարգը»: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ նկատի ունենալով տուն-ինտերնատների նախորդ տարիների գործունեության արդյունքները, որոնց համաձայն տարեկան կտրվածքով որոշ կազմակերպություններում խնամվողների փաստացի թիվը գերազանցել է նրանց համար հաստատված խնամվողների թիվը կամ հակառակը, անհրաժեշտություն է առաջացել ծրագրերն իրականացնող կազմակերպություններում խնամվողների փաստացի թվաքանակի վրա հիմնվելով կատարել ֆինանսական միջոցների վերահաշվարկ՝ այդ նպատակի համար պետական բյուջեով նախատեսված ընդհանուր միջոցների սահմաններում:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանը Սի Էն Էն հեռուստաալիքով ներկայացնելու և գովազդելու հետ կապված Սի Էն Էն հեռուստաընկերության առաջարկած պայմաններին: Որոշումն ընդունվել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներին համապատասխան: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանին՝ ստորագրել որոշմամբ նախատեսված համաձայնության նամակը, որը հնարավորություն կտա Սի Էն Էն հեռուստաալիքի հետ կնքելու Հայաստանը գովազդող հոլովակի հեռարձակման պայմանագիր և ապահովելու մեր երկրի ներկայացումը որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների համար բարենպաստ, ինչպես նաև գրավիչ զբոսաշրջային երկիր: Սահմանվել է, որ գովազդման հետ կապված ծախսերն իրականացվում են «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում ամրագրված ՀՀ զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 13-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման համակարգերի վերականգնման առաջնեկային ծրագրերի մասին» N 509-Ա որոշմամբ նախատեսված առաջնեկային ծրագրերի իրականացմանը, Երևանի Դավիթաշեն թաղային համայնքում էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմային համամատակարարման համակարգերի վերականգնման տեխնիկատնտեսական ցուցանիշների ազդեցությունն էլեկտրական համակարգի աշխատանքային ռեժիմների վրա փորձարկմանը և սպառողների համար մատչելի սակագնով ջերմամատակարարման վերականգնմանն ուղղված առաջարկությանը: Ի գիտություն է ընդունվել, որ ծրագրի իրականացման նպատակով սահմանված կարգով Երևանի Դավիթաշեն թաղային համայնքը Ռուսաստանի Դաշնության «ՍԵՊ-ինվեստ» ՍՊԸ-ի հետ համատեղ հիմնադրելու է նոր առևտրային կազմակերպություն: Սահմանվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից անհատույց օգտագործման իրավունքով Դավիթաշեն թաղային համայնքին է հանձնվելու համայնքի վարչական սահմաններում գտնվող ջերմամատակարարման գույքային համալիրը (առանց N 3 շրջանային ջերմային կայանի (ՇՋԿ) ՌԴ-ի «ՍԵՊ-ինվեստ» ՍՊԸ-ի հետ համատեղ գործունեություն իրականացնելու համար, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով նորաստեղծ առևտրային կազմակերպությանն է հանձնվելու N 3 «Դավիթաշեն» ՇՋԿ-ն՝ 1 մլն 218.1 հազար դրամ հաշվեկշռային արժեքով:
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունը, գործադիրը հաստատել է վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը: Փաստաթղթի մշակման ժամանակ հաշվի են առնվել նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին», ինչպես նաև Եվրոպական տնտեսական համագործակցության 1994թ. մարտի 23-ի «Սպառողներին վաճառելու համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերում օգտագործվող նյութերի պիտակավորման վերաբերյալ անդամ-պետությունների օրենքների, կանոնակարգերի և վարչական ակտերի համապատասխանեցման մասին» փաստաթղթով սահմանված պահանջները:
Գործադիրը համաձայնություն է տվել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և ՀՀ կառավարության՝ ի դեմս «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ» Հայաստանի ՊՈԱԿ-ի միջև» գնումային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը»: Այն նպատակ ունի էներգաարդյունավետության փաստացի և ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատության ճանապարհով, իսկ նման ստանդարտների բացակայության դեպքում՝ ստացված ցուցանիշների վերլուծության միջոցով, եզրակացություն տալ կազմակերպության կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ պաշարների խնայողաբար օգտագործման վերաբերյալ և գնահատել դրանց քանակի կրճատմանն ուղղված միջոցառումները: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ 2006թ. միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման համապատասխան կետերը:
Նիստում քննարկվել և սահմանվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող մանկավարժների աշխատանքի վարձատրության արտոնյալ պայմանների հաշվարկման կարգը:
Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 22-ի «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշման մեջ, գործադիրը ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս ընդգրկել է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում, ինչը համապատասխանում է հիշյալ որոշման պահանջներին: Որոշումն ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին ևս, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Այն վերաբերում է սեփականության իրավունքով եկեղեցուն հանձնված, մինչև 1991թ. կառուցված պատմամշակութային շենքերն ու շինությունները գույքահարկից ազատելուն:
«Փոստային կապի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է փոստային կապի ազգային օպերատորի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման հետևանքով փոստային կապի չստացած եկամուտների փոխհատուցման կարգը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տրանսպորտի և կապի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. հունվարի 1-ից:
ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդից 8 մլն 994 հազար դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ իր ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի վթարված կոյուղու ցանցի կառուցման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքում գտնվող գեոդեզիական կետերի անվանակոչումները: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ իրականացնել պետական գրանցման աշխատանքները:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ Շիրակի մարզպետարանի տնօրինության Արթիկի N1 դպրոցի 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող նախկին N58 ուսումնարանի հանրակացարանի մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը նվիրաբերել Արթիկի քաղաքապետարանին:
Նիստում որոշվել է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ամրացված՝ Երևանի Ծովակալ Իսակովի N24 հասցեում գտնվող եռահարկ՝ 2088 քմ ընդհանուր և 544 քմ նկուղային մակերես ունեցող մասնաշենքի առաջին հարկից 603 քմ. ընդհանուր մակերեսով, ինչպես նաև նկուղային տարածքից 238 քմ մակերեսով ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ամրացված տարածքները սահմանված կարգով հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին:
Մեկ այլ՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է 17 մլն 64 հազար կանոնադրական կապիտալ և 16 մլն 703 հազար զուտ ակտիվներ ունեցող «ՇՄՇ-23» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 16% բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 16-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» N 1841-Ն որոշման մեջ՝ պատվովճար ստացող անձանց շրջանակը և իրավունքները հստակեցնելու նպատակով:
Այլ որոշումներով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 12 մլն դրամ է հատկացրել ՀՀ Տավուշի մարզպետարանին՝ մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի համար մարզական և հանդիսությունների դահլիճի վերակառուցման նպատակով շենք գնելու համար, 20 մլն դրամ է հատկացվել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին՝ 2006թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը Դոմինիկյան Հանրապետությունում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով, ևս 5 մլն 565 հազար դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ ՀՀ օրհներգի մրցույթի 2-րդ փուլ անցած ստեղծագործությունների Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբով և քառաձայն երգչախմբով հրապարակային կատարմանը մասնակցող նվագախմբի և երգչախմբի երաժիշտներին և դիրիժորներին հոնորարներ վճարելու, ինչպես նաև նոտաների արտագրության ու ձայնագրման գծով ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու նպատակով «Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին դրամաշնորհ տրամադրելու համար:
Մեկ այլ որոշմամբ, լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 9-ի «Չվացուցակի ենթակա ու չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 21-Ն որոշման մեջ՝ նշված կարգը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005թ. դեկտեմբերի 15-ի ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արարատի մարզի Հովտաշատի, Վայոց Ձորի մարզի Մարտիրոսի գյուղական համայնքների, ինչպես նաև Վայոց Ձորի և Տավուշի մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս մարզերի վարչական սահմաններում գտնվող մի շարք հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ: