ուրբաթ, 1 սեպտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 15-ամյակի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ:
1991թ. սեպտեմբերի 2-ին Անկախության հռչակագրով Արցախի ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ մեկընդմիշտ հաստատելով հայրենի հողի վրա ազատ և ինքնիշխան ապրելու իր իրավունքը: Անցած 15 տարիներին՝ քայլ առ քայլ դնելով անկախ պետականության հիմքերը, զորացնելով բանակն ու տնտեսությունը, ընթանալով պետական ու հասարակական կյանքի բարեփոխումների, ժողովրդավարացման ուղիով, արցախահայությունն ապացուցեց, որ անկախության իր ընտրությունն այլևս անշրջելի է:
Խորհրդանշական է, որ այս տարի մենք տոնելու ենք նաև Հայաստանի Հանրապետության անկախության 15-րդ տարեդարձը՝ մեր պատմական հայրենիքի մի մասի վրա կերտված անկախ պետականության անցած ճանապարհի տպավորիչ ձեռքբերումներով: Ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև համայն հայության համար բախտորոշ այս հոբելյանների նշումը, կարծում եմ, հավատ և հույս է ներշնչում մեզ, որ թիկունքում զգալով անկախ Հայաստանի Հանրապետության մշտական և հուսալի աջակցությունը, Սփյուռքի մեր հայրենակիցների հոգածությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ի վիճակի է աշխարհին ներկայանալու որպես ժողովրդավարական ուղիով զարգացող, գործուն պետական կառույցներ ունեցող և իր անվտանգությունը պաշտպանելու ունակ պետություն, ինչը նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման կարևոր կռվաններից է:
Վստահ եմ, որ չնայած բոլոր փորձություններին, արցախցին լի է վճռականությամբ՝ պահպանելու և զարգացնելու անցած տարիներին ձեռք բերած նվաճումները, ամրապնդելու իր անկախ պետականությունը, ինչն ամենամեծ հարգանքի տուրքը կլինի հանուն Անկախության իրենց կյանքը նվիրաբերած բազում հերոսների հիշատակին:
Կրկին շնորհավորելով ամենքիս համար նշանակալից տոնի առթիվ՝ համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ այսուհետ ևս Արցախը շարունակելու է կերտել իր բարեկեցիկ, խաղաղ ու ապահով վաղվա օրը: