երեքշաբթի, 5 սեպտեմբերի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ջրի ազգային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է 2004-2005թթ. իրականացված աշխատանքների հաշվետվությունը, անդրադարձ է եղել նաև ջրային ոլորտին առնչվող մի շարք ընթացիկ խնդիրների: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Ջրի ազգային խորհրդի քարտուղար Հովհաննես Թոքմաջյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսված աշխատանքները հիմնականում և ժամանակին կատարվել են: Մասնավորապես, քննարկվել է ջրային ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքը, հավանություն է տրվել «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրինագծին, որը հետագայում ՀՀ կառավարության ներկայացմամբ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է որպես օրենք, հաստատվել են հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման ծրագրի սխեման, ՀՀ ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգը: Ըստ զեկուցողի, 2004-2005թթ. ընթացքում խորհրդի ուշադրության կենտրոնում են եղել նաև ջրախնայողությանն ուղղված միջոցառումների, ՀՀ ջրի ազգային ծրագրի մշակման, խմելու և կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջների ապահովման վիճակի և այլ հարցեր:
Խորհրդի նիստում քննարկվել են ստորերկրյա ջրերի օգտագործման և խորքային հորերի շահագործման, մակերևութային ջրերի որակի ուսումնասիրման հարցերը ևս: Զեկուցվել է, որ նշված ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Որոշակի հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին՝ դրանց լուծման նպատակով: Հանձնարարվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը և ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժշկին՝ ներկայացնել տեղեկատվություն խմելու ջրի որակի առկա իրավիճակի մասին, ինչպես նաև առաջարկություններ՝ առաջին փուլում, մասնավորապես, Արագածոտնի մարզի ջրի որակի ապահովմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ անցած տարիներին ՀՀ ջրի ազգային խորհուրդը կատարել է իր հիմնական դերը՝ լուծել է ջրի ազգային ծրագրի ստեղծման անհրաժեշտության հիմնավորման, ջրային ոլորտում պետական քաղաքականության իրականացման, ոլորտին առնչվող օրենսդրության մշակման և այլ խնդիրները ու աշխատանքներն արդեն մտել են գործնական փուլ, ինչպես նաև փոխվել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի կարգավիճակը, որն արդեն գործում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում, որոշվել է առաջիկայում քննարկել նաև ՀՀ ջրի ազգային խորհրդի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը:
Նիստում ՀՀ ջրի ազգային խորհրդի նոր քարտուղար է ընտրվել ՀՀ կառավարության քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ Սիրեկան Օհանյանը: