երեքշաբթի, 5 սեպտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն էվանսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Շնորհակալություն հայտնելով պարոն Էվանսին իր գործունեության երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար՝ վարչապետը նշել է, որ չնայած պաշտոնավարման կարճ ժամկետին, արդյունքները բավականին շոշափելի են: Նա նշել է, մասնավորապես, մեր երկրում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացված և ընթացքի մեջ գտնվող տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացումը, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում կատարված աշխատանքը և հատկապես «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագրի մշակումն ու ընդունումը, որը, ըստ վարչապետի, վերջին երկու տարիների հայ-ամերիկյան համագործակցության ամեակարևոր ձեռքբերումներից է:
Ջոն Էվանսը ևս իր գոհունակությունը հայտնելով Հայաստանի կառավարության հետ երկամյա համագործակցությունից, ընդգծել է, որ մեր երկրից մեկնում է այն համոզմամբ, որ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները կշարունակեն լավ արդյունքներ տալ: Ըստ դեսպանի, Հայաստանն այսօր ընթանում է զարգացման ճիշտ ճանապարհով, և առկա նախադրյալներն օգտագործելով, մոտ ապագայում Հայաստանը տարածաշրջանում կարող է առաջատար դիրք ունենալ: Ջոն Էվանսը նաև հաջողություններ է մաղթել 2007-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում, հույս հայտնելով, որ դրանք կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան:
Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այսուհետ ևս նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաև նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում: Մինչ վերջինիս նշանակումը, վարչապետը ՀՀ կառավարության կողմից համագործակցության պատրաստակամություն է հայտնել նաև դեսպանի պաշտոնակատարի գործունեության ժամանակաշրջանում:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպան Ջոն էվանսին հետագա գործունեության մեջ: