ուրբաթ, 8 սեպտեմբերի 2006
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարման խորհուրդը հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ենթածրագրի ճանապարհների ուսումնասիրության և նախագծման իրականացման համար խորհրդատվական ընկերության ընտրության գնահատող հանձնաժողովի կազմը: «Հազարամյակի մարտահրավեր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանը զեկուցել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ենթածրագրի ճանապարհների ուսումնասիրության և նախագծման իրականացման համար խորհրդատվական նպատակով հայտարարված է միջազգային մրցույթ՝ խորհրդատուների որակի և գնի հիման վրա ընտրության եղանակով:
Նիստում հաստատվել է նաև նշված ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի ենթակառուցվածքների բաղադրիչի վեց ինքնահոս ոռոգման համակարգերի նախագծման և շինարարության վերահսկման մրցույթի հետաքրքրվածության ցուցաբերման հրավերի և նախավորակավորված կազմակերպությունների ընտրության հանձնաժողովի կազմը:
Նշվել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրերի ենթակառուցվածքների բաղադրիչի վեց ինքնահոս ոռոգման համակարգերի նախագծման և շինարարության վերահսկման մրցույթի կարճ ցուցակում ընդգրկվելու (նախաորակավորում անցնելու) վերաբերյալ հետաքրքրվածության ցուցաբերման հրավերը կհրապակվի ՀՄՀ-ի հայաստանյան ծրագրի ինտերնետային կայքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ինչպես նաև ՄԱԿ-ի UNDB-online և dgMarket էլեկտրոնային պարբերականներում: Նախաորակավորման հայտերը կգնահատվեն նախաորակավորման հանձնաժողովի կողմից ըստ հետաքրքրվածության ցուցաբերման հրավերում նշված նախաորակավորման ճափոփոշիչների, ինչի արդյունքում կձևավորվի «կարճ ցուցակ»: Կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո, նախաորակավորման արդյունքները կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:
Կառավարման խորհուրդը հավանություն է տվել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և ՀՀ կառավարության՝ ի դեմս «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի միջև կնքվելիք Գնումային համաձայնագրի տեքստին:
Խորհրդի նիստում հաստատվել են նաև հայաստանյան ծրագրի «Գյուղական ճանապարհների վերականգնում» և «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրերի աշխատանքային և ֆինանսական պլանների նախագծերը, Հոգաբարձուների խորհրդի 2006թ. հունիսի 19-ի նիստում հաստատված Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի բնապահպանական և հիդրոլոգիական ելակետային ուսումնասիրության առաջարկների ներկայացման հրավերի նախագծում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից կատարված փոփոխությունները:
Նիստի ավարտին քննարկվել են գրասենյակի աշխատանքի կազմակերպման և կազմակերպչական այլ հարցեր: