երկուշաբթի, 11 սեպտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Իրանի մեջլիսի նախագահի առաջին այցը Հայաստան, վարչապետը հույս է հայտնել, որ այն կնպաստի ոչ միայն հայ-իրանական միջխորհրդարանական կապերի, այլև երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Գոհունակությամբ նշելով, մասնավորապես, տարբեր մակարդակների երկկողմ փոխայցելությունների ակտիվացումը, կողմերը վստահություն են հայտնել, որ 2006թ. հուլիսին ՀՀ նախագահի Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված բազմաբնույթ փաստաթղթերը առաջիկայում հաջողությամբ կյանքի կկոչվեն: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդումը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլև նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Ըստ նրա, Իրանի վարած կշռադատված քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության պահպանման կարևոր գործոններից է: Իրանի մեջլիսի նախագահը, իր հերթին, ընդգծել է, որ նկատի ունենալով պատմական անցյալի դարավոր ավանդույթներն ու քաղաքական, տնտեսական, մշակութային ընդհանրությունները, անկախ ու հզոր Հայաստանի գոյությունը շահավետ է նաև իր երկրի համար և վստահեցրել է, որ Իրանը պատրաստակամ է այսուհետ ևս ամենատարբեր ոլորտներում խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
Անդրանիկ Մարգարյանը և Ղոլամալի Ադելին համակարծիք են եղել այն հարցում, որ Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը լավ հիմքեր է ապահովում նաև երկու երկրների գործադիր իշխանությունների փոխգործակցության համար: Ըստ նրանց, առանց օրենսդիրի աջակցության դժվար կլիներ հասնել երկու երկրների միջև առևտրատնտեսական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում առկա ձեռքբերումներին և փոխգործակցության նոր ծրագրեր նախանշել: Այդ համատեքստում զրուցակիցները գոհունակություն են հայտնել հատկապես էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության արդյունքներից՝ ընդգծելով Իրան Հայաստան գազատարի շինարարության, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման կարևորությունը՝ ընդգծելով նաև մի շարք ոլորտներում բազմաթիվ այլ ծրագրեր:
Զրուցակիցները նշել են, որ հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաև մեծաթիվ հայ համայնքի գոյությունը Իրանում: Այդ կապակցությամբ վարչապետը գոհունակություն է հայտնել իրանահայ համայնքի նկատմամբ երկրի իշխանությունների կողմից ցուցաբերվող ավանդական ջերմ վերաբերմունքից, որի վառ դրսևորումներից մեկը, ըստ նրա, ԻԻՀ մեջլիսում հայ համայնքի երկու պատգամավորների ներկայությունն է: Անդրանիկ Մարգարյանն առանձնակի նշել է նաև Իրանի իշխանությունների հոգածությունն ու ուշադրությունը երկրի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդրում:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել Իրանի մեջլիսի նախագահ Ղոլամալի Ադելին և նրա գլխավորած պատվիրակության առաքելությանը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության և համագործակցության հետագա զորացման: