երեքշաբթի, 12 սեպտեմբերի 2006
Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող (ՏՏԶԱ) խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, 2006թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների կազմակերպման ուղղությամբ իրականացված նախապատրաստական աշխատանքը, ՀՀ-ում ռադիոհաճախականությունների բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտող արդի խնդիրներին առնչվող և այլ ընթացիկ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՏՏԶԱ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել է, որ խորհրդի նախորդ նիստի հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, հանձնարարականներից մեկի համաձայն, խորհրդի իրավակարգավորման աշխատանքային խումբն ուսումնասիրել է էլեկտրոնային հաղորդակացության կարգավորման, ռադիոհաճախականությունների հատկացման, ինչպես նաև ՏՏ ոլորտում լիցենզավորման հետ կապված իրավական ակտերն ու դրանց կիրառման պրակտիկան: ՏՏ ոլորտում օրենսդրական կարգավորման հետ կապված խնդիրների բացահայտման նպատակով, անցկացվել են իրավակարգավորման, ռազմավարական և հեռահաղորդակցության աշխատանքային խմբերի համատեղ հանդիպումներ: Դրանց ընթացքում բացահայտված խնդիրները քննարկվել են՝ հաշվի առնելով իրավական, տնտեսական, ռազմավարական և այլ մոտեցումները, որոնց հիման վրա մի շարք առաջարկություններ են ներկայացվել, մասնավորապես, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու, հեռահաղորդակցության ոլորտում լիցենզավորման բնագավառների տեսակների և դրանց սահմանումների, լիցենզավորում պահանջող գործունեության տեսակների ցանկի, լիցենզավորման և ռադիոհաճախականությունների տրամադրման հետ կապված պետական տուրքերի և այլ պարտադիր վճարների չափերի վերանայման վերաբերյալ: Ի կատարումն մեկ այլ հանձանարականի ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների կողմից խորհրդի քարտուղարությանը ներկայացվել է ամփոփ տեղեկատվություն՝ պետական կառավարման համակարգում իրականացվող և ՏՀՏ բաղադրիչ պարունակող վարկային և դրամաշնորհային ծրագրերի, նաև համապատասխան որոշումներով ստեղծված կամ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում գործող կազմակերպությունների վերաբերյալ: Քարտուղարությանը հանձնարարվել է՝ մինչև հաջորդ նիստը վերլուծել ստացված ամբողջ տեղեկատվությունը և այդ ծրագրերի ու կազմակերպությունների նպատակի, մինչ այժմ իրականացրած կամ ընթացքում գտնվող աշխատանքների մասին տեղեկանք ներկայացնել խորհրդի անդամներին:
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների լրամշակված ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը:
Ըստ ծրագրի, ավելի քան մեկ տասնյակ միջոցառումներ ընդգրկող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիսը» կմեկնարկվի սեպտեմբերի 15-ին՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Ծաղկաձորում երեք փուլով անցկացվելիք ՏՏ ծրագրավորման մրցույթով, որը կեզրափակվի հոկտեմբերի 5-ին նախատեսված մրցանակաբաշխության գալա միջոցառմամբ: Այնուհետև, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում, տեղի կունենան «Ինովացիոն, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ 2006» թեմայով միջազգային գիտաժողով՝ Հայաստան-Սփյուռք գործարար համաժողովի շրջանակում (20-ը սեպտեմբերի), ՀՀ նախագհի մրցականաբաշխություն (26-ը սեպտեմբերի), «Միկրոէլեկտրոնիկա-2006» առաջին հայաստանյան օլիմպիադան (22-26-ը սեպտեմբերի): 2006թ. էլեկտրոնային բովանդակության համահայական մրցանակբաշխությունը կկայանա սեպտեմբերի 29-ին, «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ հոկտեմբերի 3-6-ը Ամերիկյան համալսարանում կմեկնարկի «ՏՀՏ զարգացման հնարավորությունները զարգացող երկրներում» գագաթաժողովը: Մեկամսյակի ընթացքում տեղի կունենան նաև «Տեղեկատվական հասարակությունում երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանություն» համաեվրոպական համաժողովը (5-ը հոկտեմբերի), Էլեկտորնային բովանդակության համաշխարհային գագաթաժողով և Կրթության և ստեղծագործական բնագավառի հիմնահարցերի վերաբերյալ 2005թ. համաշխարհային գագաթաժողովի մրցույթի հաղթողների գալա ցուցահանդես (6-7-ը հոկտեմբերի): Հոկտեմբերի 6-8-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա digiTec 2006 ցուցահանդեսը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, ծրագրավորման մրցույթ ուսանողների մասնակցությամբ: Ըստ ծրագրի, «ՏՏ ամիսը» կեզրափակվի հոկտեմբերի 14-ին՝ «Open source»-ի մարաթոնով: Զեկուցվել է, որ մեկամսյակի իրազեկման ծրագիրն արդեն մեկնարկել է, բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, գործում է տեղեկատվական նպատակով ստեղծված կայքէջը:
Նիստում քննարկվել է նաև ՀՀ ռադիոհաճախականությունների բնագավառում ՏՏ զարգացմանը խոչընդոտող արդի խնդիրների վերաբերյալ հեռահաղորդակցության և իրավակարգավորման աշխատանքային խմբերի կողմից ներկայացված միջոցառումները: Ելնելով այն իրողությունից, որ Հայաստանում արագագործ ինտերնետ ծառայությունների առկայությունն ու դրանց մատչելիությունը մեծ մասամբ պայմանավորված է «Արմենտել» ՓԲԸ-ին պատկանող հեռահաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմամբ, որոնք չեն բավարարում ՏՏ ընկերությունների աճող պահանջները, աշխատանքային խմբերը ՏՏԶԱ խորհրդին են ներկայացրել խնդրի լուծմանն ուղղված իրենց դիտարկումները:
Օրակարգի այլ հարցերի շրջանակում՝ խորհրդի անդամ, «Իսմա» ընկերության նախագահ Էդուարդ Մանուկյանը ներկայացրել է արհեստական բանականության սկզբունքներով գործող հայերեն-անգլերեն երկկողմանի իմաստային թարգմանություն ապահովող կոմպյուտերային համակարգի ստեղծման ուղղությամբ «Իսմա»-ի և ՀՊՃՀ-ի համագործակցությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքը, որի առաջին պրակտիկ արդյունքը կներկայացվի digiTec 2006 ցուցահանդեսում՝ ընդգծելով հայերենի պահպանությանը, ՏՏ ոլորտում մայրենի լեզվի ակտիվ կիրառությանն ուղղված այդ նախաձեռնության նշանակությունն ու կարևորությունը:
Խորհրդի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ նիստի ավարտին տրվել են մի շարք հանձնարարականներ: