շաբաթ, 16 սեպտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ամենամյա հավաքի առիթով Երևանում գտնվող՝ արտասահմանյան երկրներում ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին:
Կարևորելով արդեն ավանդական բնույթ ստացած նման հանդիպումները՝ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դրանք հնարավորություն են տալիս մեր դիվանագետներին՝ ավելի անմիջականորեն ծանոթանալու մեր երկրի տնտեսական և քաղաքական զարգացումներին, վարվող քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին, միաժամանակ իշխանություններին ներկայացնելով աշխատանքի բարելավմանն ուղղված այն խնդիրները, որոնք ունեն մեր դիավանագիտական կորպուսի ներկայացուցիչները տարբեր երկրներում:
Հանդիպման ընթացքում շնորհավորելով դեսպաններին Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի կապակցությամբ և ընդգծելով նրանց դերը Հայաստանն արտերկրում պատշաճ ներկայացնելու, իրենց գործունեությամբ պետության զարգացմանն ու հզորացմանը նպատելու գործում, կառավարության ղեկավարը միաժամանակ նշել է, որ մեր պետության և ժողովրդի համար նշանակալից այդ իրադարձությունը նաև պարտավորեցնում է՝ մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվելու արտերկրում, սփյուռքահայ համայնքներում տոնական միջոցառումների կազմակերպման ու մեր անկախ պետականության անցած 15-ամյա ճանապարհի ձեռքբերումները միջազգային ասպարեզում ներկայացնելու գործին: Այնուհետև վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության վերջին շրջանի գործունեությունը, իրականացվող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:
Վարչապետն անդրադարձել է նաև օրերս կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովին, իբրև ընթացիկ տարվա կարևորագույն միջոցառումներից մեկի, որը ևս լրացուցիչ հնարավորություն է Սփյուռքի ներուժը Հայաստանի սոցիալական ու տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, ընդհանուր առմամբ, պետականշինության գործին ներգրավելու համար:
Շնորհակալություն հայտնելով դեսպաններին՝ դիվանագիտական ասպարեզում նրանց կատարած դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար, վարչապետը նաև շնորհավորել է Չինաստանում և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Վասիլի Ղազարյանին և Կարինե Ղազինյանին՝ օրերս ՀՀ նախագահի հրամանագրով Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարը և դեսպանները, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել վարչապետին ու կառավարությանը՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ֆինանսավորումը ժամանակին իրականացնելու, իրենց գործունեությանը մշտական աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհավորելով դեսպաններին Անկախության 15-ամյակի առթիվ՝ հաջողություն է մաղթել նրանց դիվանագիտական աշխատանքում՝ ի նպաստ մեր պետության միջազգային դերի և հեղինակության հետագա բարձրացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայ ժողովրդի ազգային իղձերի և նպատակների իրականացման: