չորեքշաբթի, 20 սեպտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը Ինովացիոն տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների միջազգային կոնֆերանսի բացմանը
Կոնֆերանսի հարգարժան մասնակիցներ
Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից ողջունել ձեզ` Հայաստան-Սփյուռք համահայկական երկրորդ Տնտեսական Համաժողովի շրջանակում կազմակերպված Ինովացիոն տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների միջազգային այս կոնֆերանսի անցկացման կապակցությամբ:
Կարևորելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում, Հայաստանի կառավարությունը 2000 թվականից այն ճանաչել է տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը և հետևողական ու համակողմանի աշխատանքներ է իրականացնում ոլորտում կայուն աճ ու զարգացում ապահովելու համար: 2001 թվականին ՀՀ վարչապետին կից ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, որտեղ առավելապես քննարկվում են ռազմավարական, օրենսդրական և տեղեկատվական հասարակության ձևավորմանն առնչվող հիմնարար հարցեր:
ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերի արդյունքում վերջին շրջանում Հայաստանում էապես աճել է ներդրումների ծավալը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ՀՆԱ-ի մեջ ոլորտի արտադրանքի կշիռը կազմել է 1.7 տոկոս: Նոր կրթական և ուսուցողական ծրագրեր են ներդրվել դպրոցներում և բուհերում, ինչպես նաև ստեղծվել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ուսումնական կենտրոններ: Այս ամենը վկայում է, որ Հայաստանը բավարար ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարածաշրջանային կենտրոն դառնալու համար:
Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գնալով ավելի ու ավելի լայնորեն ու արդյունավետորեն է ներկայացվում միջազգային ասպարեզում: Արդեն ավանդական են դառնում նաև Երևանում "Digitec" ամենամյա միջազգային ՏՀՏ ցուցահանդեսները:
Հաշվի առնելով ոլորտի զարգացման միտումները` որոշում ընդունվեց 2006-ի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը անցկացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել տեղեկատվական հասարակության ձևավորումը Հայաստանում, բարձրացնել հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարկանիշը և ներկայացնել առկա նվաճումները, աջակցել և խրախուսել օտարերկրյա և հայկական ընկերությունների ներդրումային գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև օժանդակել ոլորտի ընկերություններին և մասնագետներին համապատասխան գործընկերներ և շուկաներ գտնելու հարցում: Վստահ եմ, որ այդ միջոցառումների արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում:
Առանձնապես կարևոր եմ համարում նաև Հայաստան- Սփյուռք արդյունավետ համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանում գործող ոլորտի ընկերությունների կայացման մեջ Սփյուռքի մեր հայրենակիցներն ունեցել են անմիջական և գործուն մասնակցություն: Կարծում եմ, այդ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի, կդառնա ավելի համակողմանի:
Հաջողություն եմ մաղթում կոնֆերանսի աշխատանքներին: Հուսով եմ, որ այն հնարավորություն կընձեռի բոլոր մասնակիցներին` ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի միտումներին, նորություններ փոխանակելու, ինչպես նաև գործնական առաջարկներ ներկայացնելու մեր երկրում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հետագա առաջընթացն ապահովելու նպատակով: