չորեքշաբթի, 20 սեպտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 15-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 15-րդ տարեդարձի առթիվ: Անկախության օրը, մեր պետական տոնացույցում, անկասկած, ամենապայծառ ու կարևորագույն տոնն է: Այն` ավելի քան 600-ամյա ընդմիջումից հետո իրականություն դարձած մեր ազգային նվիրական իղձերի ու համազգային հպարտության օրն է:
15 տարի առաջ մեր ժողովուրդն իր պատմական ընտրությունը կատարելիս և ազատ ու անկախ ապրելու իրավունքը նվաճելիս՝ քաջ գիտակցում էր այդ ճանապարհի տարբեր հանգրվաններում իրեն սպասող բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, բայց նաև համոզված էր, որ Անկախությունն այլընրանք չունի, որ այդպիսով հնարավորություն է ստանում այսուհետ ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը, որոշելու իր հետագա ընթացքը, տեղն ու դերը աշխարհի մյուս պետությունների շարքում:
Հայրենիքի մի հատվածի վրա հիմնելով անկախ պետություն` հայ ժողովուրդը, 1991թվականին, հիրավի, սկիզբ դրեց մի գործընթացի, որն այլևս անկասելի է ու անշրջելի: Տոնելով Անկախության օրը և աներկբա ընդունելով Անկախությունն իբրև բացարձակ արժեք, մենք չպետք է մոռանանք, որ այսօրվա հիմքում նախորդ տասնամյակների, նաև դրանից առաջ անկախության նվիրյալների տառապալից ու հերոսական պայքարն էր` հայոց ազատատենչ ոգին սերունդների մեջ վառ պահելու և անկախության բաղձալի օրվան հասցնելու համար: Արժանին մատուցենք Անկախության բոլոր նվիրյալներին և հատկապես նրանց, ովքեր այդ ճանապարհին զոհաբերեցին ամենաթանկը` իրենց կյանքը, սերունդներին թողնելով այն պահպանելու առաքելությունը:
Պատահական չէ, որ մեր պետության անկախության 15-րդ տարեդարձը նշում ենք աշխարհի տարբեր ծայրերից Հայրենիքին օգտակար լինելու մղումով Հայաստան ժամանած մեր բազմաթիվ հայրենակիցների հետ միասին: Բոլորիս համար այս նշանակալի իրադարձության օրը շնորհավորենք միմյանց` մաղթելով մեր պետությանը հարատև խաղաղություն, մեր ժողովրդին` արժանավայել ու բարեկեցիկ կյանք և նվիրական իղձերի իրականացում:
Վստահ եմ, որ մենք բավարար կամք և ներուժ ունենք միասնաբար դիմագրավելու բոլոր փորձությունները` մեր պետության ապագայի հանդեպ աներեր հավատով շարունակելու անկախության 15-ամյա մեր երթը: