չորեքշաբթի, 20 սեպտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը` Համահայկական երկրորդ տնտեսական համաժողովի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, համաժողովի հարգելի մասնակիցներ, տիկնայք և պարոնայք,
ՀՀ կառավարության և իմ անունից ողջունում եմ ձեզ Հայաստան-Սփյուռք երկրորդ տնտեսական համաժողովի անցկացման կապակցությամբ:
Ուրախ եմ, որ համահայկական այս կարևորագույն միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում և կոչված է ընդլայնելու և խորացնելու Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցությունը:
Կարծում եմ, համաժողովը հնարավորություն կընձեռի ամբողջական պատկերացում կազմելու Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ, ծանոթանալու մինչ այժմ կառավարության կողմից իրականացված բարեփոխումներին, առաջիկա ծրագրերին, նաև համակողմանիորեն քննարկելու առկա հիմնախնդիրներն ու համատեղ լուծումներ գտնելու:
Այսօր Հայաստանի իշխանությունները որդեգրել են տնտեսության զարգացման մի ճանապարհ, որի նպատակներն են` ազատ շուկան, արդար մրցակցությունը, պետական արդյունավետ կառավարումը, արդյունքում` կայուն տնտեսական զարգացումը, բնակչության բարեկեցության ապահովումը:
Տնտեսական զարգացմանն են ուղղված ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված մի շարք ծրագրեր, որոնք մեզ հնարավորություն են տալու միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ստեղծել բարենպաստ պայմաններ` ապահովելով տնտեսության զարգացման ավելի բարձր մակարդակ: ՀՀ կառավարության ծրագրում շեշտված են այն հիմնական ուղղությունները, որոնց վրա գործադիր իշխանությունը պետք է կենտրոնացնի ուշադրությունը:
Այսօր, աշխարհը հազարամյակի նպատակների և մարդկությանը նետված մարտահրավերների շարքում, ամենաբարձր ամբիոններից քննարկում է աղքատության հաղթահարման խնդիրը, որը, ցավոք, արդիական է նաև Հայաստանի համար: Երեք տարի առաջ՝ 2003թ. մասնակցային լայն գործընթացի արդյունքում հաստատված և իրագործման ընթացքում գտնվող Կառավարության «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում» հատկապես տնտեսության զարգացմամբ է նախատեսվում կարևորագույն այդ խնդրի լուծումը:
Հզոր տնտեությամբ հզոր պետություն և բարեկեցիկ հասարակություն, որը նաև երաշխավորն է Սփյուռքի շահերի պաշտպանության, մշակութային անկախության. ահա այն նպատակը, որին, ի վերջո, մենք ձգտում ենք: Միանշանակ է, որ հզոր տնտեսությունը գրավականն է ուժեղ և մարտունակ բանակի, զարգացած գիտության, կրթության, առհասարակ, տնտեսության բոլոր ոլորտների: Միայն մրցունակ և համաշխարհային տնտեությանն ինտեգրված տնտեսություն ունեցող երկիրն է ի զորու դիմագրավել ժամանակի մարտահրավերները:
Աշխարհը արագ է զարգանում, և մենք ձեզ հետ միասին գիտակցում ենք, որ միայն կենսունակ տնտեսությամբ հզոր պետությունն ի զորու կլինի ապահովելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը, բավարար պայմաններ ստեղծելու մեր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի համար, ապահովելու մեր ազգային խնդիրների լուծումը: Այստեղ է, որ ակնկալում ենք բոլորիս ջանքերի համատեղումը:
Այսօր մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են սահմանամերձ շրջանների զարգացմանը, պատերազմի հետևանքների վերացմանը, աղետի գոտուն, Արցախին աջակցությանը, տնտեսական աճի արդյունքների տեղափոխմանը նաև մարզեր: Պետությունը վարում է տնտեսության ամենատարբեր ոլորտներում մասնավոր հատվածի կայացումը խթանելու, ՀՆԱ-ում վերջինիս տեսակարար կշիռը մեծացնելու քաղաքականություն: Սփյուռքում տասնամյակների ընթացքում ձևավորված գործարար ավանդույթները, փորձի փոխանակումը, հայաստանյան գործարարների հետ փոխշահավետ գործընկերային հարաբերությունների հաստատումը զգալիորեն կնպաստեն ոչ միայն Հայաստանում գործարարության զարգացմանը, այլև Հայաստան-Սփյուռք կապերի առավել սերտացմանը:
Համոզված եմ, որ այս համաժողովը նոր հնարավորություններ կբացի ձեր տնտեսական ներուժը և գործարար կապերն առավելագույնս օգտագործելու` ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի: Վստահ եղեք, որ որքան արդյունավետորեն համախմբենք մեր ջանքերը, որքան խորացնենք ու ընդլայնենք համագործակցությունը, այնքան մեր համընդհանուր նպատակների իրականացումն ավելի մոտ կլինի:
Հարգելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,
Ավարտելով խոսքս, համաժողովին մաղթում եմ բարեհաջող աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի: