երեքշաբթի, 26 սեպտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է «Գլոբալ Սթիլ Հոլդինգս» բրիտանական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Փրոմադ Միթալին:
Պարոն Միթալը վարչապետին տեղեկացրել է իր ղեկավարած ընկերության մտադրությունը մեր երկրում հանքարդյունաբերության բնագավառում երկարատև ծրագրերի իրականացման վերաբերյալ: Նա նշել է, որ մասնավորապես հանքաքարերով ու մետաղներով հարուստ Հայաստանում մեծ հնարավորություններ կան նշված ոլորտում լուրջ հեռանկարային ծրագրեր իրականացնելու, աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում ավելի քան կեսդարյա գործունեության փորձ ունեցող ընկերության կողմից Հայաստանում ևս գործունեություն ծավալելու:
Ողջունելով «Գլոբալ Սթիլ Հոլդինգս» ընկերության նախաձեռնությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այն համահունչ է մեր երկրում լեռնահանքային արդյունաբերությունը, մետաղների արդյունահանումն ու շահագործումը խթանելու ՀՀ կառավարության քաղաքականությանը: Ընդգծելով, որ առանձին ոլորտներում իրականացվող ցանկացած նախաձեռնություն ու ներդրում ոչ միայն նպաստում է տվյալ ճյուղի, այլև հանրապետության ամբողջ տնտեսության զարգացմանը, վարչապետը հավաստել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու նաև «Գլոբալ Սթիլ Հոլդինգս» ընկերության ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև հեռանկարային ծրագրերի հաջող իրագործման համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացման խնդիրներին: