երեքշաբթի, 28 օգոստոսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական երկրների հարցերով օգնական, դեսպան Էլիզաբեթ Ջոնսին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Կովկասյան և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Դոնալդ Լյուին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Լեմոնը, դեսպանատան ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջատինդեր Շիեման:
Ողջունելով դեսպան Ջոնսի այցը մեր երկիր, ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ այն իր հերթին նոր խթան կհանդիսանա ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացման, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերի իրականացման գործում, ինչը կարող է նաև որոշակի նպաստավոր պայմաններ ստեղծել տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում:
Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, ըստ որի, խաղաղության և բարեկեցության հաստատումը Հարավկովկասյան տարածաշրջանում հանդիսանում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կարևոր նախապատվություններից մեկը: ԱՄՆ-ի հետ սերտացող հարաբերությունները և դրանց հետագա ընդլայնումը, ըստ ՀՀ վարչապետի, Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական և ռազմաքաղաքական զարգացման կարևոր գրավական:
Ընդգծելով աղետի գոտու վերականգնման և Հայաստանի կրթական համակարգի ինտերնետիզացման ամերիկյան ծրագրերի կարևորությունն ու շարունակականությունը, վարչապետը նշեց, որ մեր երկիրը շահագրգռված է ԱՄՆ-ից հետագայում ևս օժանդակություն ստանալու հարցում: Շնորհակալություն հայտնելով 1992-2001 թթ. Միացյալ Նահանգների կո-մից Հայաստաին հատկացված մոտ 1,4 մլրդ դոլարի մարդասիրական և տեխնիկական օժանդակության համար, ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ կարևորեց մարդասիրական օգնություններից գործընկերային հարաբերությունների, փոխշահավետ համագործակցության անցնելու քաղաքականությունը. «Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել առավել լայնորեն ընդգրկվելու ԱՄՆ-ի կողմից հովանավորվող տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացման այն տնտեսական ծրագրերում, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի երկրների բարգավաճմանը և առկա հակամարտությունների կարգավորմանը», -ընդգծեց վարչապետ Ա.Մարգարյանը՝ միաժամանակ բարձր գնահատելով ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի ջանքերը:
Վարչապետը հույս հայտնեց, որ աշնանը Վաշինգտոնում հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովն առավել մանրամասն կքննարկի տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերն ու որոշակի ծրագրերը:
Դեսպան Էլիզաբեթ Ջոնսի խնդրանքով ՀՀ վարչապետը համառոտ ներկայացրեց կառավարության տնտեսական քաղաքականությունը, այն ուղղությունները, որտեղ որոշակի աջակցության կարիք է զգացվում: Այդ ամենը, ըստ վարչապետի, ներկայացված է նաև ՀՀ կառավարության մշակած աղքատության կրճատման ռազմավարական ծրագրում: