չորեքշաբթի, 29 օգոստոսի 2001
Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց 2001 թվականի ընթացքում իրականացվող 3 երկարաժամկետ բարեգործական ծրագիր:
Գերմանական «Թյուբինգեն-Հայաստան նախաձեռնություն» կազմակերպության ֆինանսավորմամբ Գավառի մանկատունը կիրականացնի վերանորոգված նոր մասնաշենքի կահավորման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մանկատան համար ձեռք բերել նոր և ժամանակակից աշակերտական սեղաններ, պահարաններ,աթոռներ և ննջարանային կահույք:
Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը հանրապետության դպրոցներում նախաձեռնել է «Մարդու իրավունքների ուսուցում» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակը հանրակրթական դպրոցներում մարդու իրավունքների ուսուցումն է: Նախատեսվում է 1-3 դասարանների համար 30 000 տպաքանակով հրատարակել «Բարև, ես եմ» օժանդակ նյութերի ժողովածուն և 6500 տպաքանակով` ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկը: Ծրագիրը հնարավորություն կտա երեխաներին ճանաչելու իրենց իրավունքներն ու պարտականությունները, ճիշտ գիտակցելու իրենց դերն ընտանիքում ու հասարակության մեջ:
Իր հերթական` «Օգնություն անկարող երեխաներին» ծրագիրը կիրականացնի ԱՄՆ-ի Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Ծրագիրը հնարավորություն կտա Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնին ունենալու առանձին ախտորոշիչ մասնաշենք: Այդ նպատակով հիմնովին կվերակառուցվի կենտրոնի նախկին օրթոպեդիկ բաժանմունքի մասնաշենքը:
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի ֆինանսավորմամբ Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Գեղարվեստի պետական ակադեմիայի և «Կադանս» երաժշտական կենտրոնի կողմից համակարգչային տեխնիկայի ձեռք բերման գործարքները: Հիմնադրամի ֆինանսավորմամբ կիրականացվի նաև «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից նախադպրոցական հաստատությունների համար կահույքի պատրաստման ծրագիրը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր: