ուրբաթ, 6 հոկտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի ուղերձը «DigiTec 2006» տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային երկրորդ ցուցահանդեսի մասնակիցներին
Հարգելի մասնակիցներ, հյուրեր, կազմակերպիչներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ «DigiTec 2006» տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) մասնագիտացված միջազգային երկրորդ ցուցահանդեսում, որն այս տարի անց է կացվում ՀՀ կառավարության կողմից հայտարարված «Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ամիս» խորագրի ներքո իրականացվող միջոցառումների շրջանակում:
Հուսով եմ, որ արդեն ավանդական դարձող «DigiTec 2006»-ը, որի հիմնական նպատակն է ներկայացնել ՏՀՏ ոլորտում առկա վերջին նվաճումները, հայաստանյան և արտասահմանյան համապատասխան ընկերությունների արտադրանքը և դրանց կիրառությունը գործնական առօրյայում, հաջող ընթացք և գործնական արդյունքներ կունենա:
ՀՀ կառավարությունը ՏՀՏ ոլորտը չի դիտարկում սոսկ որպես արդյունաբերական ճյուղ, այլ իբրև արդյունավետ գործիք, որը կարող է խթանել տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը, նպաստել կառավարման համակարգի արդյունավետության և թափանցիկության, հանրային ծառայությունների մատչելիության ավելացմանը, երկրի մրցունակության և տնտեսության մեջ արտադրողականության բարձրացմանը, ինչպես նաև տեղեկատվական հասարակության կայացմանը:
«DigiTec 2005» ցուցահանդեսի հաջողությունը` այդ միջոցառումն ամենամյա դարձնելու հիմք հանդիսացավ: Մասնագիտացված միջազգային այս ցուցահանդեսի անցկացումը, անշուշտ, լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ՏՏ կիրառման ընդլայնման, գործարար կապերի ստեղծման և ամրապնդման համար:
Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից իրագործվող քաղաքականությունը նպատակաուղղված է Հայաստանը դարձնելու ոլորտի առաջատար երկրներից մեկը և ՏՀՏ տարածաշրջանային կենտրոն: Առկա ձեռքբերումները հույս են ներշնչում, որ ՏՏ ոլորտը երկրի տնտեսության շարունակական զարգացման համար նոր հնարավորություններ կարող է ապահովել և, այդ առումով, դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու: Այսօր, Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացման նպատակով, համապատասխան բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանը զուգահեռ, նախատեսվում է իրականացնել նաև անհրաժեշտ քայլեր` ուղղված, մասնավորապես, ՏՀՏ ծառայությունների համատարած հասանելիության ապահովմանը, էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծմանը, ՏՀՏ ոլորտում մասնավոր ներդրումների և զբաղվածության աճի խթանմանը:
Այս ամենին զգալիորեն նպաստում են ոլորտի ձեռքբերումներն ու արդի հնարավորությունները ներկայացնող մասնագիտացված ցուցահանդեսները, և DigiTec-ը, որպես արդեն կայացած միջոցառում, կարծում եմ, այս առումով, լավագույնս կծառայի իր նպատակին: ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու ցուցահանդեսի կազմակերպիչներին` այն դարձնելու ամենամյա և նշանակալից` տարածաշրջանում կազմակերպվող նմանատիպ միջոցառումների շարքում:
Շնորհավորում եմ կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ցուցահանդեսի բացման կապակցությամբ և բոլորին մաղթում արդյունավետ աշխատանք: