ուրբաթ, 6 հոկտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի ուղերձը Էլեկտրոնային բովանդակության համաշխարհային գագաթաժողովի մասնակիցներին
Ջերմորեն ողջունում եմ Էլեկտրոնային բովանդակության համաշխարհային գագաթաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Ուրախ եմ, որ միջազգային բարձր մակարդակի կարևորագույն այս միջոցառումն անց է կացվում Հայաստանում, ինչը, անկասկած, նաև լավագույն գնահատությունն է այն ուշադրության, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ ցուցաբերում է Հայաստանի կառավարությունը և այն ձեռքբերումների, որ վերջին տարիներին արձանագրում են ոլորտի մեր մասնագետները: Խթանելով բնագավառի զարգացումը, հռչակելով այն մեր երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը, մենք նաև հստակորեն գիտակցում ենք, որ արագորեն փոփոխվող այսօրվա աշխարհում, ընդհանուր առաջընթացից հետ չմնալու համար, կարևոր է ոչ միայն հետևել էլեկտրոնային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորագույն նվաճումներին, այլ նաև սեփական նախաձեռնություններով հնարավորինս մասնակցել այդ գործընթացին՝ մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերները համատեղ ուժերով դիմագրավելու համար:
Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովը, որի առաջին փուլն անցկացվեց 2003թ. Ժնևում, երկրորդը` 2005թ. Թունիսում, բացառիկ հնարավորություն ընձեռեց պետություններին բարձր մակարդակով քննարկել տեղեկատվական դարաշրջանի արագ փոխակերպվող զարգացումները, փորձել միասնական հաղթահարման և արդյունավետ ներդրումների ճանապարհներ գտնել:
Հայաստանյան մուլտիմեդիա արտադրանքի հաջողությունները սկսվեցին այն պահից, երբ Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի ժնևյան փուլում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական մասնիկների լաբորատորիայի ստեղծած աշխատանքը էլ.գիտություն անվանակարգում շահեց գլխավոր մրցանակ:
Երկու տարի անց` Թունիսում հայաստանյան պատվիրակությունը է՛լ ավելի ծանրակշիռ հաղթանակի հասավ: Հայկական «ԱյԹիԻ» ընկերության երկու մուլտիմեդիա լազերային սկավառակներ 168 երկրների կողմից ներկայացված մոտ 20.000 աշխատանքների մեջ արժանացան համաշխարհային մրցանակների. «Արամ Խաչատրյան. Կյանքը և ստեղծագործությունը» ճանաչվեց 2005թ. աշխարհի լավագույն մշակութային մուլտիմեդիա աշխատանքը և արժանացավ գլխավոր մրցանակի, իսկ «Հայոց Մեծ Եղեռն» սկավառակն արժանացավ հատուկ մրցանակի:
Ոլորտի զարգացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի նաև առկա ձեռքբերումների շարունակականության ապահովումը՝ արդյունավետ կրթական համակարգի ստեղծման, որակյալ մասնագետների նոր սերնդի պատրաստման միջոցով, ինչը ներկա գագաթաժողովի գլխավոր հիմնախնդիրներից է: Վստահ եմ, որ այս օրերին տեղի ունենալիք քննարկումների արդյունքում առավել հստակորեն կուրվագծվեն այն ուղիներն ու միջոցները, որոնք լավագույնս կնպաստեն էլեկտրոնային բովանդակության ստեղծագործողներին և ուսուցանողներին՝ ձեռք բերելու ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներ և ունակություններ` նկատի առնելով, որ Համաշխարհային գագաթաժողովի էլեկտրոնային բովանդակության մրցանակաբաշխության կազմկոմիտեի և Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի համատեղ նախաձեռնած խորհրդաժողովը նվիրված է հենց մշակութային բազմազանության և բազմալեզու էլեկտրոնային բովանդակության զարգացմանը:
Ըստ էության, այս գագաթաժողովը, մեկն է այն միջոցառումներից, որ անցկացվում է ՀՀ կառավարության կողմից հայտարարված ՏՏ միամսյակի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների շարքում և կարևորագույն դեր ունի:
Օգտվելով առիթից ջերմորեն շնորհավորում եմ նաև 2005թ. համաշխարհային գագաթաժողովի մրցույթի հաղթողներին, ստեղծագործական նոր հաջողություններ մաղթում նրանց և գագաթաժողովի ընդհանուր աշխատանքին:
Շնորհակալություն ուշադրության համար: