չորեքշաբթի, 11 հոկտեմբերի 2006
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայե Իորդակեին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը Հայաստանում իր գործունեության երեք տարիներին ցուցաբերած գործնական աջակցության և ջերմ վերաբերմունքի համար: Նա հատկանշական է համարել, որ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսել է ՀՀ նախագահի Ռումինիա կատարած այցից հետո և ավարտում է Ռումինիայի նախագահի հայաստանյան այցը կազմակերպելուց հետո:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դրական և արդյունավետ է գնահատել դեսպանի եռամյա գործունեությունը մեր երկրում և շնորհակալություն հայտնել նրան՝ հայ-ռումինական համագործակցության, երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա զարգացման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ռումինիայի միջև՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում փոխշահավետ գործակցության խթանմանը, անկասկած, նոր ազդակ կհանդիսանա նաև Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի պաշտոնական այցը Հայաստան, որի շրջանակում տեղի ունեցավ Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիկոլայե Իորդակեն նշել է, որ լավագույն հուշերով ու բարեկամական զգացումներով է հեռանում Հայաստանից և նրա հյուրընկալ ժողովրդից՝ վստահություն հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումից հետո էլ ավելի լայն համագործակցություն կծավալվի երկու երկրների միջև՝ հատկապես տնտեսական գործակցությունը քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին հասցնելու համար:
Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել դեսպանին անձնական կյանքում և հետագա գործունեության մեջ: