ուրբաթ, 13 հոկտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Երևանի օրվա կապակցությամբ ու նաև Ավան համայնքի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով Հայաստան ժամանած Մոսկվայի պատվիրակությանը՝ Հյուսիսային վարչական օկրուգի ղեկավար Վլադիմիր Օբյեդկովի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը բնական է համարել Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր մակարդակների փոխայցելությունների ակտիվացումը, ինչին, ըստ նրա, նպաստում են նաև Ռուսաստանում անցկացվող Հայաստանի տարվա միջոցառումները: Անդրանիկ Մարգարյանը ողջունել է հարաբերությունների սերտացումը ոչ միայն երկու երկրների կառավարությունների, այլև մայրաքաղաքների ու վարչական առանձին միավորների միջև, որը, ըստ նրա, անկասկած, նպաստում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով Երևանում պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար՝ Վլադիմիր Օբյեդկովը վարչապետին է փոխանցել պատվիրակության, ինչպես նաև քաղաքապետ Յուրի Լուժկովի ողջույնները և շնորհավորանքը Երևանի տոնի կապակցությամբ: Նշելով, որ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում կան նաև ոչ քիչ թվով գործարարներ, այդ թվում նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք մեծ ներդրում ունեն տարբեր ոլորտներում Ռուսաստանի մայրաքաղաքի զարգացման գործում, պարոն Օբյեդկովը հավաստել է Երևանի հետ համագործակցությունը սերտացնելու ինչպես Մոսկվայի, այնպես էլ իր ղեկավարած Հյուսիսային օկրուգի պատրաստակամությունը: Որպես ասվածի գործնական վկայություն, նա նշել է, որ վաղը նախատեսվում է համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիր ստորագրել Մոսկվայի Հյուսիսային օկրուգի և Երևանի Ավան համայնքի միջև:
Ողջունելով հուշագրի ստորագրումը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության սերտացմանը մեծապես կնպաստի նաև առաջիկայում Մոսկվայի տան բացումը Երևանում: