հինգշաբթի, 19 հոկտեմբերի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում ինովացիոն ոլորտի զարգացման գերակայությունները: Որոշումն ընդունվել է «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև «ՀՀ-ում ինովացիոն գործունեության հայեցակարգին», «ՀՀ-ում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010թթ. ծրագրին» համապատասխան: Սահմանվել են ինովացիոն ոլորտի զարգացման հետևյալ գերակայությունները՝
ա) ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծում ու զարգացում
բ) էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
գ) բարձրտեխնոլոգիական մշակումներ
դ) էկոլոգիական նախընտրելի տեխնոլոգիաների ներդրում և զարգացում:
Նշվել է, որ գերակայությունների ընտրությունը պայմանավորված է ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու նպատակով ինովացիոն ենթակառուցվածքների համակարգ ձևավորելու, վերականգնվող և այլընտրանքային աղբյուրներից ստացվող էներգիայի միջոցով էներգետիկ անկախության հնարավորությունների մեծացման, բարձրտեխնոլոգիական մշակումների ներդրման, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանցման բնագավառում հանրապետության տարածաշրջանային տեղի և դերի ամրապնդման առաջնահերթ անհրաժեշտությամբ: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ ՀՀ շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ իրականացնել ինովացիոն ոլորտի գերակա ուղղությունների զարգացման ապահովմանն ուղղված միջոցառումներ:
Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշման մեջ: Որոշման համաձայն ավանդատուների ճշտված ամփոփ ցուցակների կազմման ժամանակ ի հայտ եկած վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակները հնարավորինս հստակեցնելու և նվազեցնելու նպատակով, մասնավորապես, սահմանվել է, որ փոխհատուցում ստանալու համար սույն կարգով սահմանված անձանց տվյալները փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազա ներառվում են նաև կարգով սահմանված վերջնաժամկետից՝ 2006թ. մայիսի 12-ից հետո, եթե տվյալ անձը ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը, դիմումը հաշվառված է դիմումների գրանցամատյանում, ունի փոխհատուցման իրավունք, սակայն տվյալները չեն ներառվել հանրապետության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունում ձևավորված փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղակատվական բազայում, ինչպես նաև ներկայացրել է պահանաջվող փաստաթղթերը, սակայն նրա հաշվառումը մերժվել է մերժման ոչ բավարար հիմքերով և առկա է իրավասու պետական մարմնի վարչական ակտը՝ հիմնավորված դատարանի վճռով, կամ «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան փաստը հաստատող կամ այլ իրավասու պետական մարմնի կողմից արված համապատասխան տեղեկանքով: Որոշման մեջ կատարված այլ փոփոխություններն ու լրացումները հիմնականում ուղղված են փոխհատուցման վճարման կազմակերպման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 20 մլն 90 հազար դրամ հատկացնել ՀՀ Արարատի մարզպետարանին՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի՝ ՀՀ համայնքների կողմից 10 տոկոս համաֆինանսավորման ապահովման նպատակով: Սահմանվել է, որ նշված սուբվենցիաների գումարների՝ համապատասխան համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Արարատի մարզպետարանը:
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունը, գործադիրը հաստատել է ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Մեկ այլ որոշմամբ, հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության համար կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների վտանգավորության ռիսկի աստիճանը, հաստատվել է նաև կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելերից պատրաստված ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից 8 ամսվա ընթացքում հաստատել նշված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության փորձարկման մեթոդները: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո, բացառությամբ ներմուծվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների հայերեն մակնշմանը ներկայացվող պահանջների, որն ուժի մեջ է մտնում 2008թ. հուլիսի 1-ից:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի միջև համագործակցության», «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Այլ որոշումներով համաձայնություն է տրվել նաև «2005թ. հունվարի 18-ի՝ ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության, «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հանձնարարել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ ապահովել ԱՊՀ անդամ երկրների 15-ամյակին նվիրված «Համագործակցություն և ինտեգրացիա» խորագրով միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական և կազմակերպման աշխատանքները, որի հետ կապված ծախսերը հոգալու համար ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 513 հազար 160 ռուսական ռուբլուն համարժեք դրամ է հատկացվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից 5 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ՀՀ Արարատի մարզի Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման բարելավման աշխատանքների իրականացման համար «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցով նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով:
Այլ որոշումներով գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 29-ի N 1149-Ն և 2005թ. դեկտեմբերի 15-ի N2228-Ն որոշումներում, որը պայմանավորված է նրանով, որ բջջային հեռախոսները սկզբունքորեն ունեն չափային էներգետիկ ռեսուրսների սահմանափակում և չեն կարող գերազանցել իրենց անձնագրային ճառագայթային հզորությունները, հետևաբար անհրաժեշտություն չկա համապատասխանության պարտադիր սերտիֆիկացման:
Կառավարությունը հավանություն է տվել «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է օրգանական գյուղատնտեսության մթերքի և հումքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման, իրացման, ինչպես նաև վայրի բույսերի մթերման հետ կապված հարաբերությունները, սահմանում է օրգանական գյուղատնտեսության վարման իրավական հիմքերը, սկզբունքները, արտադրության շրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջներն ու պետական աջակցության ուղղությունները:
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը ևս, որն ուղղված է սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացում սպառողների շահերի պաշտպանությանը:
Նիստում կառավարությունը հաստատել է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցները վերասարքավորող կազմակերպությունների և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերը փորձարկող կայանների արտադրական բազաներին, ինչպես նաև նշված համակարգերի փորձարկման աշխատանքներ կատարող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության, առևտրի և տնտեսական զարգացման նախարարներին՝ նշված անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջներին համապատասխան, վեցամսյա ժամկետում կազմել անհրաժեշտ ուսումնական ծրագրեր և պարբերաբար ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետների պատրաստման գործընթացը: Որոշումն ընդունվել է գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովման նպատակով:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» օրինագծին, որի մշակումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ վերահսկիչ պալատն անկախ պետական մարմին է, որն արտաքին պետական վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ: Երկու օր ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով օրենքը ներկայացվում է նոր խմբագրմամբ՝ նրանում ամրագրված դրույթները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Որոշմամբ նաև օրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը դրական եզրակացություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ պատգամավորական օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված օրինագծին:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասախան, գործադիրը հաստատել է «ՀՀ պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները», ինչպես նաև պարտատոմսերի տեղաբաշխման և մարման սպասարկման կարգը: Որոշման ընդունումը կնպաստի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման և կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, մեծ թվով ֆիզիկական անձանց և նրանց ազատ դրամական միջոցների ներգրավմանը պետական պարտատոմսերի շուկա, ինչպես նաև հնարավորություն կտա զարգացնել ու կատարելագործել Գանձապետական պահառու համակարգը՝ ձևավորելով պետական պարտատոմսերի մշտական առաջարկ:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի N 60 հասցեում գտնվող 6225 քմ ընդհանուր մակերեով շենքերը և շինությունները, որոնք սկսած 1993 թվականից, որպես ԵՊՀ-ի նախկին ռազմական ամբիոնի շենքեր, օգտագործվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, ամրացնել ՀՀ ՊՆ-ին՝ սպայական կազմի համար բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով:
Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1592-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ 2005 և 2006թթ. ստանդարտացման ծրագրերով տեխնիկական կանոնակարգերի պահանջների կարգավորումն ապահովող միջազգային և տարածաշրջանային նոր ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների վերանայման, ինչպես նաև նոր ազգային ստանդարտների ընդունման անհրաժեշտությամբ:
Մեկ այլ որոշմամբ, «Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի: Սահմանվել է, որ կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է «Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի սեփականություն հանդիսացող գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության շենքերի, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, որոնք կազմակերպությանն ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով:
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Ռուբեն Գևորգյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով՝ մինչև 2010թ. նոյեմբերի 28-ը:
«Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է «Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները»: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման նախարարներին՝ մեկամսյա ժամկետում ընդունել համատեղ հրաման՝ սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների ցանկը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանի փրկարար ծառայության մարմիններին տալ հետաքննության մարմնի իրավասություններ՝ փրկարարական ծառայության հետ կապված գործերով:
Նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 22-ի N 844 որոշման մեջ՝ այն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ Արարատի մարզպետարանի տնօրինության, Արտաշատի քաղաքապետարանի վարչական շենքին կից գտնվող 537.6 քմ ընդհանուր մակերեսով հանդիսությունների դահլիճը և 634.7 քմ ընդհանուր մակերեսով ճաշարանի մասնաշենքը անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել Արտաշատի քաղաքային համայնքին՝ դրանք հանրօգուտ նպատակներով օգտագործելու պայմանով: Սահմանվել է, որ Արտաշատի քաղաքային համայնքին է անցնում նշված շինությունների տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս:
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, գործադիրը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել «Երկրաէներգետիկա» ՓԲԸ-ի լուծարումը:
Նիստում որոշվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված՝ ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող 5568.1 քմ ընդհանուր մակերես ունեցող ու 1903.9 հազար դրամ հաշվեկշռային արժեքով շենքեր-շինությունները նվիրել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքին: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված ՊՈԱԿ-ին գիտական գործունեության նպատակով ամրացված գյուղատնտեսական հողերը համայնքին հանձնելու հիմքով:
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին՝ դրանցում ամրագրված դրույթների առավել հստակեցման և կատարելագործման նպատակով:
Նիստում որոշում է ընդունվել ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու և համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.8 հա այլ հողերը՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության նպատակով, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրելու վերաբերյալ: