ուրբաթ, 20 հոկտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
Վարչապետը շնորհավորել է նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու և ՀՀ նախագահին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հայ և ղազախ ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի, և այն տարեցտարի ամրապնդվում է երկու պետությունների համագործակցության զարգացմամբ:
Երկուստեք ընդգծվել է, որ այդ հարաբերություններում դեռևս չօգտագործված մեծ հնարավորություններ և ներուժ կա: Դեսպան Բոզժիգիտովը վստահություն է հայտնել, որ ՀՀ նախագահի առաջիկա այցը Ղազախստան, ե՛ւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ե՛ւ տարբեր բնագավառներում համագործակցությունն ընդլանելու խթան կհանդիսանա՝ նկատի առնելով, որ այդ շրջանակներում անցկացվելու է նաև հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստ:
ՀՀ վարչապետը և Ղազախստանի դեսպանը կարևորել են տնտեսական փոխգործակցության խրախուսումը գործարարների շփումների ակտիվացման, ներդրումների խթանման, արտահանման ծավալների մեծացման և մի շարք այլ ուղղություններով: Այդ ամենում նրանք կարևոր գործոն են համարել նաև Ղազախստանի հայ համայնքը, որը կարող է ակտիվ դերակատարում ունենալ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ու զարգացման գործում:
Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը կառավարության և իր անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դեսպանին՝ նրա գործունեության ամբողջ ընթացքում և մաղթել հաջողություններ: