ուրբաթ, 20 հոկտեմբերի 2006
Հոկտեմբերի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Սիդորսկին և նրա գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Բելառուսի Գերագույն դատարանի նախագահ Վալենտին Սուկալոն, Բարձրագույն տնտեսական դատարանի նախագահ Վիկտոր Կամենկովը, տնտեսության նախարար Նիկոլայ Զայչենկոն, սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Գրիգորովը, նախարարների խորհրդի աշխատակազմի ղեկավար Վալերի Կազակևիչը, գույքի պետական կոմիտեի նախագահ Գեորգի Կուզնեցովը, Բելառուսի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Գուրուլևը, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վասիլի Պուգաչևը, արտաքին գործերի, արդյունաբերության նախարարների, պետական մաքսային, պետական անվտանգության կոմիտեների նախագահների տեղակալներ, «Բարձր տեխնոլոգիաների պարկի վարչություն» պետական հաստատության տնօրեն Վալերի Ցեպկալոն, Ժոբինոյի քաղաքային գործկոմի նախագահ Վասիլի Գրիշչենկոն: Բելառուսի վարչապետի ուղեկցողների թվում են նաև հանրապետության նախարարների խորհրդի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, արտադրական ընկերությունների և միավորումների ղեկավարներ, գործարար շրջանակների այլ ներկայացուցիչներ:
Պաշտոնական այցի օրերին՝ հոկտեմբերի 23-24-ին, Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ-ի հետ: ՀՀ կառավարությունում վարչապետների առանձնազրույցից հետո նախատեսվում է նաև կողմերի հանդիպումը ընդլայնված կազմով, համատեղ փաստաթղթերի ստորագրում ե մամուլի ասուլիս: Բելառուսի պատվիրակությունը կայցելի Երևանի կոնյակի և ոսկերչական գործարաններ, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերություն, Զարգացման հայկական գործակալությունում կմասնակցի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը նվիրված կլոր սեղանին, ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: