երկուշաբթի, 23 հոկտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՌԴ պետդումայի պատգամավոր, Մարդկային արժանապատվության և անվտանգության պաշտպանության միջազգային լիգայի նախագահ, բանակի գեներալ Վալենտին Վարեննիկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանում Մարդկային արժանապատվության և անվտանգության պաշտպանության ազգային լիգայի հիմնման արարողությանը մասնակցելու կապակցությամբ:
Անդրանիկ Մարգարյանը ողջունել է Հայաստանում Մարդկային արժանապատվության և անվտանգության ազգային լիգայի հիմնումը, նշելով, որ կան հիմնախնդիրներ, որոնք պետական կառույցների հետ միասին պահանջում են նաև հասարակական կազմակերպությունների լայն ներգրավվածությունը դրանց լուծման գործում: Նա հավաստել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Հայաստանի նորաստեղծ ազգային լիգային, քանի որ այն, ինչին նպատակաուղղված է նրա գործունեությունը, թելադրված է շատերին հուզող հիմնախնդիրներով և ընդհանուր է բոլորի համար:
Վալենտին Վարեննիկովը նույնպես ողջունել է նման ազգային կազմակերպությունների ստեղծումը, նշելով, որ դրանք կյանքի են կոչվում ժամանակի պահանջով և մեծ դեր ունեն կատարելու իրենց երկրներում մարդու արժանապատվության և անվտանգության պաշտպանության գործում: Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում, որտեղ, ցավոք, քիչ չեն բոլոր երկրներին սպառնացող վտանգներն ու մարտահրավերները, ուժերի և ջանքերի համատեղումն անհրաժեշտ է դրանց դեմ արդյունավետորեն պայքարելու համար: Ըստ նրա, հասարակական կազմակերպությունները պետք է ամուր հիմք ստեղծեն պետական կառույցների կողմից արդյունավետ որոշումների կայացման համար:Վալենտին Վարեննիկովը տեղեկացրել է նաև, որ այցի շրջանակում պայմանագիր կստորագրվի Հայաստանի նորաստեղծ ազգային լիգան Մարդկային արժանապատվության և անվտանգության պաշտպանության միջազգային լիգային անդամակցելու վերաբերյալ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Մարդկային արժանապատվության և անվտանգության պաշտպանության միջազգային լիգայի օրինակով ստեղծված ազգային կազմակերպությունը՝ նրա հետ սերտ համագործ- ակցությամբ, մեծ հաջողությունների կհասնի իր մարդասիրական գործունեության մեջ, ինչը, ըստ նրա, ոչ միայն, իր հերթին, զգալի օժանդակություն կլինի կառավարությանը՝ նշված մարտահրավերները դիմագրավելու համար, այլև կվկայի մեր ժողովրդի կողմից նաև հասարակական մակարդակով գործադրվող համագործակցության նոր ջանքերը միջազգային ասպարեզում: