ուրբաթ, 27 հոկտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ դեսպանի ավելի քան 4-ամյա համագործակցությունը և շնորհակալություն հայտնել նրան, ընդգծելով, որ պարոն Կյունիի պաշտոնավարման շրջանում հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր որակ են ստացել, բարձր մակարդակի փոխայցելություններն ու պետական մակարդակով անցկացվող բազմաբնույթ միջոցառումներն զգալիորեն նպաստել են երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ ամենում, ըստ վարչապետի, անկասկած, մեծ է դեսպանի դերակատարումը, որի գնահատանքն էր նաև ՀՀ նախագահի կողմից նրան հանձնված պետական պարգևը՝ «Մխիթար Գոշ» մեդալը: Անդրանիկ Մարգարյանը պարգևատրման կապակցությամբ շնորհավորել է դեսպան Կյունիին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում, նշելով, որ Հայաստանում միշտ ուրախ կլինեն կրկին տեսնել նրան:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի, գնահատանքի ու բարեմաղթանքի համար և հույս հայտնել, որ իր հետագա այցերի ժամանակ տարածաշրջանը կտեսնի ավելի լավ պայմաններում՝ խաղաղության և կայունության մեջ, որից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները: Նա ընդգծել է, որ, ցավոք, այդ հարցում ամեն ինչ չէ, որ Հայաստանից է կախված և ողջունելի է համարել հարևանների հետ Հայաստանի երկխոսության ձգտման ջանքերը, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ու սահմանների բացման կարևորումը: Անրի Կյունին կարևորել է նաև ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվորեն շարունակելը, միջազգային հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա մշտապես սևեռուն պահելը, ինչը խաղաղության որոշակի երաշխիք կդառնա, քանի որ, ըստ նրա, միջազգային հանրությունը չի հանդուրժի ռազմական ճանապարհով հակամարտության հանգուցալուծումը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, համաձայնելով դեսպանի տեսակետին, հավելել է, որ Հայաստանը մշտապես ձգտել ու ձգտում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել և երկխոսություն ծավալել, Թուրքիայի հետ սահմանները բաց տեսնել, սակայն մեր երկրի ու նաև միջազգային հանրության և առաջին հերթին՝ Ֆրանսիայի այդ բովանդակությամբ ուղերձներն արձագանք չեն գտնում Թուրքիայի կողմից: Վարչապետը հույս է հայտնել, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն իր հերթին կօգնի, որպեսզի այդ երկիրը գիտակցի հարցի կարևորությունը:
ԼՂՀ հակամարության հարցում ևս, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, Հայաստանի տեսակետները համընկնում են ե՛ւ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո շարունակելու, ե՛ւ Ադրբեջանի հետ ակտիվ երկխոսություն ծավալելու միջոցով խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու հարցում: