Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 նոյեմբերի 2006



Այսօր տեղի ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում կուրության կանխարգելման ազգային ռազմավարական ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին: Նշվել է, որ ծրագիրը «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագրի գերակա խնդիրներից է, որի հիմնական նպատակը մեր երկրում ծանր տեսողական խանգարումների և կանխարգելելի կուրության վերացումն է՝ մինչև 2020 թվականը: Նախագծի զեկուցման ժամանակ նշվել է, որ եթե այլ հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած մարդիկ կարող են իրենց ռեալիզացնել այս կամ այն աշխատանքը կատարելով և ունենալ որոշակի եկամուտ, ապա կուրությամբ տառապող մարդիկ նման հնարավորությունից գործնականում զրկված են, քանի որ նրաց համար հարմարեցված աշխատատեղերը չափազանց սահմանափակ են անգամ մայրաքաղաք Երևանում, իսկ ՀՀ մարզերում ընդհանրապես բացակայում են: Հետևաբար, աշխատունակ տարիքի բազմաթիվ մարդիկ, լինելով ֆիզիկապես առողջ, կուրության հետևանքով զրկվում են աշխատելու և իրենց սոցիալական ու տնտեսական կարիքներն ինքնուրույնաբար հոգալու հնարավորությունից, որի արդյունքում կույր մարդկանց գերակշռող մեծամասնությունը սոցիալապես անապահով է:



«Գովազդի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը: Որոշմամբ հաստատվել են նաև այդ գովազդին ներկայացվող պահանջները, որոնց համաձայն, մասնավորապես, բուժտեխնիկայի գովազդի թույլտվություն կարող են ստանալ միայն տվյալ բուժտեխնիկայի արտադրությամբ կամ իրացմամբ զբաղվող կազմակերպությունները:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդից 150 մլն դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ինսուլինի ձեռքբերման նպատակով:



ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ մարզպետների հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 4-ամսյա ժամկետում գնահատել մարզային առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերում ներառված բժշկական հաստատությունների շենքային պայմանները և դրանց կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքների ծավալները, ներդրումների չափերը՝ առանձնացնելով օպտիմալացման ծրագրերով նախատեսված ծառայությունների վերակազմակերպման համար պահանջվող շինարարական աշխատանքների ծավալները և ներդրումների չափերը, նույն ժամկետում իրականացնել օպտիմալացման ծրագրերում ներառված բժշկական հաստատություններում առկա գույքի և բժշկական սարքավորումների գույքագրում և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գույքի և սարքավորումների արդիականացման վերաբերյալ: Հանձնարարվել է նաև մինչև 2009թ. ավարտը իրականացնել օպտիմալացման ծրագրերում ներառված բժշկական հաստատությունների կառավարման կառուցվածքների արդիականացում՝ կազմակերպելով ղեկավար անձնակազմի վերապատրաստում, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում իրականացնել մարզերի առողջապահության համակարգերի բժշկական կադրերով համալրվածության ուսումնասիրություն՝ մշակելով և իրականացնելով առկա մասնագիտական ներուժի և հմտությունների բարելավման կրթական ծրագիր:



ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ, օպտիմալացման ծրագրերում ներառված բժշկական հաստատությունների շենքային պայմանների, դրանց կապիտալ վերանորոգման և սարքավորումներով վերազինման համար անհրաժեշտ ներդրումների չափերի գնահատման հիման վրա, սահմանված կարգով, ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման և ՀՀ մարզերում ներդրումների իրականացման ժամանակացույցի վերաբերյալ: ՀՀ մարզպետներին հանձնարարվել է մինչև 2006թ. դեկտեմբերի 1-ը ավարտել իրենց մարզերի՝ առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքների իրականացումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև մինչև 2007թ. հունվարի 20-ը ՀՀ կառավարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ՝ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերի իրականացման գործընթացի մասին: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության, ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման և շահագրգիռ այլ նախարարություններին՝ համատեղ լրացուցիչ քննարկել նախագծի հետ կապված որոշ հարցեր:



Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին՝ 25 մլն դրամ է հատկացվել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիային տրամադրելու նպատակով, Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 10-ամյակի տոնակատարությունների անցկացման հետ կապված ծախսերը համաֆինանսավորելու համար:



Տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված ժնևյան գործողությունների ծրագրից բխող ազգային հայեցակարգի նախագծի մշակման նպատակով, կառավարությունը ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի ղեկավարությամբ: Աշխատանքային խմբին հանձնարարվել է՝ մինչև 2007թ. դեկտեմբերի 1-ը մշակել հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:



Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2006թ. երրորդ եռամսյակում մասնավորեցման գործընթացի վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի ներկայացրած հաշվետվությանը: Զեկուցվել է, որ 2006թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մասնավորեցվել է 1994 միջին և խոշոր ընկերություն (որից 10-ը 2006թ.-ին), 99 անավարտ շինարարության և 7298 «փոքր» օբյեկտ: Հաշվետու եռամսյակում առաջարկված 7 ընկերությունից մասնավորեցվել է 2-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5-ի համեմատ), կնքվել է 3 մասնավորեցման պայմանագիր: Մրցույթով մասնավորեցման ներկայացված 3 օբյեկտներից կայացել է մեկ ընկերության և մեկ անավարտ շինարարության օբյեկտի մրցույթը (նախորդ տարվա 3-րդ եռամսյակի 13-ից 4-ի համեմատ): Պայմանագրեր են կնքվել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 4 օբյեկտների գնորդների հետ (նախորդ տարվա 1-ի համեմատ): Աճուրդով մասնավորեցման է ներկայացվել 18 օբյեկտ, որից 3-ը ընկերությունների բաժնետոմսեր (նախորդ տարվա 4-ի և 1-ի համեմատ)՝ բոլոր աճուրդները կայացել են: «Փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5-ի համեմատ): Հաշվետվության համաձայն, 2006թ. 3-րդ եռամսյակում լուծարվել է լուծարման գործընթացում գտնվող 164 ընկերությունից 3-ը, իսկ լուծարվող 3 ընկերություն սնանկ է ճանաչվել:



Նիստում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասախան, կառավարությունը «Արմենտել» ՓԲԸ-ի 10 տոկոս ՀՀ սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին:



Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրինագծով սահմանված պահանջի՝ օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծողների կողմից դրանց ներմուծման և գործածման վերաբերյալ տվյալների հաշվառման, ինչպես նաև կանոնավոր ու ճշգրիտ տեղեկատվություն չտրամադրելու համար որոշակի պատասխանատվության սահմանման կատարումն ապահովելու նպատակով:



ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N 404-Ն որոշման համաձայն, գործադիրը համաձայնել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տնօրինության՝ Երևան քաղաքի Գրիբոեդովի 1-ին նրբանցքի N11 շենքում (նախկին «Արաբկիր» հյուրանոց) բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ երկամսյա ժամկետում ապահովել որոշման մեջ նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը: Սահմանվել է, որ գրանցումն իրականացվելու է որոշմամբ հաստատված ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:



Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ, որի համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված՝ մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային, ժամանակավոր խնամքի, ինչպես նաև ծեր ու հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման բնագավառներում լիցենզավորվող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է սահմանվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:



«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանի, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարով՝ մինչև 2010թ. նոյեմբերի 21-ը:



«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1917-Ն, 2002թ. նոյեմբերի 28-ի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին N1918-Ն և N1919-Ն որոշումների մեջ: Փոփոխություն պայմանավորված են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության» և «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ, «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների իրականացմամբ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով նախարարության իրավասությունների նվազեցմամբ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքով նոտարներին դասային կոչումներ շնորհելու ինստիտուտի վերացմամբ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում մի շարք կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությամբ:



Մեկ այլ որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 20-ի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N 1753-Ա որոշման մեջ ևս: Որոշումն ընդունվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա և հիշյալ հանձնաժողովի հայկական մասի կազմը համապատասխան մասնագետներով համալրելու նպատակով:



«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 5-ի «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1516-Ն որոշման մեջ: Այն պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի ընդունմամբ, որի արդյունքում, մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է լիցենզավորման վարչություն: ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 22-ի նիստի N37 արձանագրության հանձնարարականի համաձայն, նախարարության աշխատակազմի քարտուղարության վերակազմակերպմամբ առանձնացվել է նաև կադրերի բաժինը և վերանվանվել անձնակազմի կառավարման բաժին:



«Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2007-2008 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:



Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման ժամանակացույցին: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ մինչև 2006թ. դեկտեմբերի 15-ը ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների հաստատել Բոլոնիայի գործընթացի սկզբունքների գործողությունների պլանները, մինչև 2007թ. մարտի 20-ը ՀՀ կառավարություն ներկայացնել նշված ժամանակացույցից բխող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, ապահովել համապատասխան տեղեկատվության տարածումը ինտերնետային կայքերի և ԶԼՄՆ-ներով: Հանձնարարվել է նաև յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը ՀՀ կառավարություն ներկայացնել Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, հավանություն է տրվել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին ևս, որի նպատակն է ՀՀ-ում շաքարի արտադրության խթանումը, ինչպես նաև տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը: Օրենքի ընդունումը կնպաստի տնտեսության նույն ճյուղի տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովմանը, ներքին շուկայում շաքարի տեղական արտադրանքի պահանջարկի մեծացմանը: Նշվել է, որ օրինակ, Վրաստանում գործող շաքարի գործարանը Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում առանց մաքսատուրքի իր պատրաստի արտադրանքը ներմուծում է Հայաստան: Ըստ էության, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ տնտեսության նույն ճյուղի տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար առաջանում են տնտեսվարման անհավասար պայմաններ, ընդ որում, օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների համար այս դեպքում գործում է առավել բարենպաստ հարկման դաշտ, քան ներքին արտադրողի համար:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 504 հազար 658 դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ լուծարման գործընթացում գտնվող «Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման և փաստաթղթերի արխիվացման հետ կապված ծախսերի գծով առկա պարտքի մարման նպատակով:



Նիստում գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում միասնական գանձապետական հաշվին եկամտի հաշվեգրման դիմաց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գործարքի կատարման համար գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթերի տվյալների և վճարումների հաշվեգրման համար գանձապետարանում բացված հաշվի տվյալների անհամապատասխանության դեպքերը բացառելու նպատակով:



Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է դիմել ՀՀ ԱԺ նախագահին՝ 2006թ. նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկով՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած շուրջ մի շարք ՀՀ օրենքների նախագծերի քննարկման և ընդունման նպատակով:



 



 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ