ուրբաթ, 10 նոյեմբերի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր -Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 3 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների և Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մանկապարտեզի շենքի հիմնական վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների ծրագրերը:
Հաստատվել է «Հայ-ավստրիական բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզում բարելավել մանկական ակնաբուժական ծառայությունները, ստեղծելով ակնաբուժական ծառայության մատուցման ժամանակակից պայմաններ:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: