երեքշաբթի, 11 սեպտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է սեպտեմբերի 9-12-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությանը:
Այցի նպատակն է վերահաստատել մեր երկրի հետ Եվրոբանկի համագործակցության պատրաստակամությունը, ներկայացնել բանկի նոր ռազմավարությունը, անդրադառնալ ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև այդ ամենի մասին զրուցել կառավարական, մասնավոր հատվածի շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ճշտել նրանց դիրքորոշումներն ու առաջարկները:
Ողջունելով բանկի այդպիսի ներկայացուցչական կազմով պատվիրակության այցը Հայաստան, ՀՀ վարչապետը մեր երկրի կողմից շնորհակալություն է հայտնել համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու պատրաստակամության համար և վստահեցրել, որ այդ հարցում Հայաստանը նույնքան շահագրգիռ է: Ըստ վարչապետի, չնայած մի քանի ծրագրեր նախատեսված ժամկետում ցանկալի արդյունքը չեն ապահովել և բանկի հետ դրանք հետագայում մանրամասն քննարկվել ու վերլուծվել են, որոշակի քայլեր ձեռնարկվել, սակայն, ընդհանուր առմամբ, տնտեսության տարբեր ոլորտներում Եվրոբանկի կողմից իրագործվող ծրագրերը, նրա ռազմավարությունը կարևոր և գնահատելի է: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ փոքր և միջին ձեռնարկատիրության, էներգետիկայի, բանկային և այլ ոլորտներում բանկի հետ փոխագործակցությունը ավելի կակտիվանա:
Հանդիպման ժամանակ ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամները ՀՀ վարչապետից հետաքրքրվել են տնտեսության ներկայիս վիճակի, բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործընթացի, Հրազդանի ՊՇԷԿ-ի, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի գործունեության, գործարար միջավայրի ներդրումների խթանման ուղղությամբ տարվող աշխատնքների, աղքատության նվազեցման ռազմավարության ծրագրի իրագործման աշխատանքների մասին:
Հանդիպման ժամանակ Եվրոբանկի ներկայացուցիչները որոշակի մտահոգություն են հայտնել Հայաստանի կապի որակի կապակցությամբ, դժգոհելով, որ մեր երկրում գտնվելու օրերին իրենց դժվարությամբ է հաջողվել կապ հաստատել տարբեր երկրներում գտնվող հարազատների հետ: Հեռահաղորդակցության ոլորտում մրցակցության ապահովման և կապի որակի բարձրացման նպատակով Եվրոբանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին, քննարկել որոշակի ծրագրեր: