ուրբաթ, 17 նոյեմբերի 2006
Այսօր ՀՀ կառավարությունում տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության նախագահ շեյխ Աբդալլահ բեն Մուհամմադ ալ-Թանիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Շարժա-ԵրևանՇարժա» չվերթի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով:
Գոհունակություն հայտնելով Շարժայի էմիրության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակից՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրանց ակտիվացմանը նպաստել է նաև 2005թ. Շարժայի էմիր, շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Կասիմիի այցը մեր երկիր: Նախարարն ընդգծել է, որ երկկողմ համագործակցության վերաբերյալ շեյխ Սուլթանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ընթացքի մեջ են, այդ թվում նաև՝ երկու պետությունների միջև օդային չվերթի բացումը, որն արդեն իսկ իրականացվեց: Հավաստելով Շարժայի «Էյր Արաբիա» ավիաընկերությանը հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կանոնավոր չվերթի բացումը, անկասկած, կնպաստի երկու պետությունների միջև փոխգործակցության սերտացմանը:
Շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ցույց տրված ջերմ ընդունելության համար, շեյխ Աբդալլահ բեն Մուհամմադը ևս վստահություն է հայտնել, որ Շարժա-Հայաստան օդային գծի բացումը կծառայի ի շահ երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների, կնպաստի, մասնավորապես, օդային փոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են համագործակցությունը նաև անշարժ գույքի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կապերի ու շփումների ակտիվացումը գործարար շրջանակների միջև, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպումը և այլն:
Հովիկ Աբրահամյանը և շեյխ Աբդալլահ բեն Մուհամմադը երկուստեք պատրաստակամություն են հայտնել քննարկելու միմյանց կողմից ներկայացված ցանկացած առաջարկություն, որն ուղղված կլինի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը: