երեքշաբթի, 11 սեպտեմբերի 2001
ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի հոբելյանական տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր տեղի ունեցավ հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից տոնակատարության ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը: Հանձնաժողովի անդամները վարչապետին զեկուցեցին, որ անցկացվելիք միջոցառումների նախապատրաստությունը ընթանում է ծրագրին համապատասխան: Մասնավորապես նշվեց, որ մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպմանը:
Անկախության տոնի հոբելյանական տոնակատարության միջոցառումների ծրագիրը ներառում է 23 կետ և հաստատվելուց անմիջապես հետո հրապարակվել է հանրապետական մամուլում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս կարևորեց տոնական միջոցառումները լայնորեն լուսաբանելու, առավելագույն հրապարակայնություն ապահովելու խնդիրը: