ուրբաթ, 24 նոյեմբերի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցմանը», ԼՂՀ-ի Մարտակերտի քաղաքային հիվանդանոցի մասնաշենքի վերահատակագծման-վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքների և ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի մշակույթի տան դահլիճի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման աշխատանքների ծրագրերը: Հաստատվել են նաև «Տիրամայր Հայաստանի Կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն անապահով ընտանիքներին», «Ամառային ճամբար», «Պողոսյան կրթահամալիր», Ֆրանսիայի «Հայ օգնության միություն» բարեգործական-հասարակական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագրերը:
Կամիլիաների միաբանության «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի 2007-2009թթ. ընթացքում ղեկավարել Աշոցքի «Տիրամայր Նարեկացի» հիվանդանոցը` կից 22 ամբուլատորիաներով, մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ, ինչպես նաև մարդասիրական օգնություն տրամադրել Աշոցքի տարածաշրջանի անապահով բնակչությանը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: