ուրբաթ, 24 նոյեմբերի 2006
Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ավտոտրանսպորտային միջազգային միության (IRU) գլխավոր քարտուղար Մարտին Մարմիին և ԱՊՀ երկրներում այդ միության ներկայացուցչության ղեկավար Իգոր Ռունովին: Վերջիններս Հայաստան են ժամանել «Անդրկովկասյան ավտոմոբիլային տրանսպորտ-2006» գրքի շնորհանդեսի, ինչպես նաև տարածաշրջանում ավտոմոբիլային հաղորդակցության խնդիրների քննարկման նպատակով:
Շնորհավորելով հյուրերին Ավտոտրանսպորտային միջազգային միության կողմից հրատարակված և իր տեսակի մեջ եզակի «կապույտ գրքի» այսօր կայացած շնորհանդեսի առթիվ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հրատարակության մեջ տեղ գտած կարևորագույն հարցերը շոշափում են Հայաստանի թե ներքին և թե արտաքին ավտոտրանսպորտային փոխադրումներում առկա բազմաթիվ իրողություններ: Նախարարը կարևորել է Ավտոտրանսպորտային միջազգային միության դերը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում՝ տրանսպորտային հաղորդակցության զարգացման և դրա հեռանկարների ուրվագծման գործում:
Մարտին Մարմին իր հերթին հավաստել է Ավտոտրանսպորտային միջազգային միության պատրաստակամությունը այսուհետ ևս օժանդակելու Հայաստանում ավտոմոբիլային տրանսպորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների համատեղ հաղթահարմանը, նպաստելու հարավկովկասյան տարածաշրջանում ավտոտրանսպորտային հաղորդակցության ոլորտում ինտեգրման գործընթացին: