չորեքշաբթի, 29 նոյեմբերի 2006
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով, նոյեմբերի 30-ին Մոսկվա կմեկնի ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Վարչապետը դեկտեմբերի 1-ին Մոսկվայում հանդիպում կունենա գործընկերոջ` ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ, կայցելի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն, իսկ դեկտեմբերի 2-ին Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի «Հայաստանի պատմություն» ցուցահանդեսի բացմանը` Էրմիտաժում, այնուհետ Եկատերինսկի դղյակում` Ռուսաստանում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությանը:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահան Հովհաննիսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար, Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացման կազմակերպական կոմիտեի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ նախագահի օգնական, Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացման կազմակերպական կոմիտեի նախագահի տեղակալ, Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացման համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ: